Նոյեմբերի 9-ին Թբիլիսիում մի քանի հարյուր ուսանողներ, ինչպես նաև ոչ կառավարական բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ ակցիա են անցկացրել ընդդեմ Սվանեթիում խոշոր Խուդոնի ՀԷԿ-ի կառուցման:
Ակցիան, որը սկսվել է կեսօրին՝ Թբիլիսիի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ, հետո շարունակվել է Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ մասնակցիներին են միացել հասարակության ներկայացուցիչներ: Այն ավարտվել է երեկոյան` վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նստավայրի առջև:
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ պաստառներ են ունեցել, մեծ մասը կրել է կանաչ ռետինե ձեռնոցներ` ի նշան բողոքի այն բոլոր նախագծերի դեմ, որոնք ոչնչացնում են բնությունը:
«Մենք պահանջում ենք, որ իշխանությունները որոշում ընդունեն Խուդոնի ՀԷԿ-ի և բոլոր այն օբյկտների կառուցումն արգելելու մասին, որի հետևանքով ոչնչանում են գյուղերը, մեր պատմական և մշակութային ժառանգությունը, կտրվում են անտառներ»,- ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:








































