Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ շարունակվեց Սարգիս Պետրոսյանի ու Դավիթ Հովսեփյանի գործի դատական քննությունը:
21-ամյա Դավիթին ու Սարգիսին մեղադրանք է առաջադրված խմբի կազմում նախնական համաձայնությամբ զինված ավազակային հարձակում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով:
Սարգիս Պետրոսյանը մեղադրվում է նաև գողության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի ապրիլի 6-ին Սարգիսն իր ընկեր Դավիթին հայտնել է, որ Երևանի Հ. Հակոբյան փողոցի շենքերից մեկի երկրորդ հարկում միայնակ ապրում է «Շանգրիլա» խաղատան խաղավարներից մեկը՝ Աննա Կ.-ն:
Տղաները ենթադրել են, որ «Շանգրիլայի» խաղավարը պետք է որ տանը խոշոր գումար ունենա:
Ապրիլի 8-ին, գիշերվա ժամը 3-ին նրանք մոտեցել են Աննայի շենքին՝ իրենց հետ ունենալով ատրճանակ, էլեկտրահարող սարք ու դանակ:
Դավիթը, ով ավելի փոքրամարմին է, բարձրացել է երկրորդ հարկում բնակվող Աննայի բնակարանի բաց պատշգամբ, օգտվել է պատշգամբի դուռը բաց լինելու հանգամանքից, ապօրինի մուտք է գորւծել բնակարան: Նա ներսից բացել է բնակարանի դուռը, ներս է մտել նաև Սարգիսը:
Նրանց ձայներից արթնացել են ննջարանում քնած Աննան ու նրա ընկեր Վանիկը, դուրս են եկել ննջարանից ու հայտնվել են զինված տղաների ձեռքերում, ովքեր պահանջել են տանը եղած գումարները տալ իրենց: Դավիթը սպառնացել է դանակով ու էլեկտրահարող սարքով, Սարգիսը՝ ատրճանակով:
Ըստ մեղադրանքի՝ Դավիթը էլեկտրահարող սարքով էլեկտրահարել ու վնասվածք է պատճառել Աննային:
Դավիթն ու Սարգիսը, ըստ մեղադրանքի, գտել ու հափշտակել են տուժողի տանը եղած 700 դոլարը, Աննայի պայուսակը՝ 5600 դրամով, ուկրաինական 6 գրիվնիով, բանկային քարտերով ու հարդարանքի պարագաներով:
Ըստ մեղադրանքի՝ Սարգիսը դեպքից հետո՝ ապրիլի 8-ին, ժամը 16-ն անց 30-ի սահմաններում մի քանի անգամ փորձել է Աննայի բանկային քարտերով բանկոմատից գումարներ հափշտակել, բայց սխալ գաղտնաբառ օգտագործելու պատճառով դա նրան չի հաջողվել:
Սարգիսն ու Դավիթը նախաքննության ընթացքում ու դատարանում իրենց մեղավոր են ճանաչել:
Նրանք միջնորդել էին գործը քննել արագացված ընթացակարգով:
Դատարանում ստացվել էր տուժողների դիմումները այն մասին, որ հետագա դատական նիստերին ներկայանալ չեն կարող, ամբաստանյալներից բողոք, պահանջ չունեն, չեն առարկում, որ գործը քննվի արագացված ընթացակարգով:
Մեղադրող Մնացականյանը նույնպես չառարկեց արագացված ընթացակարգով գործը քննելու միջնորդության դեմ:
Դատարանը որոշեց գործը քննել արագացված ընթացակարգով:
Հետազոտվեցին քրեական գործի այն ապացույցները, որոնք բնութագրում էին ամբաստանյալների անձը:
Սարգիսն ու Դավիթը նախկինում դատված չեն եղել: Նրանք երկուսն էլ վատառողջ են ու այդ հիմքով ազատվել են զինվորական ծառայությունից: Երկուսն էլ հարևանների կողմից բնութագրվել էին դրական:
Դավիթ Հովսեփյանի շահերի պաշտպան Լուսինե Մկրտչյանը դատարանին ներկայացրեց իր պաշտպանյալի անձը բնութագրող նոր ապացույցներ՝ զինկոմիսարիատում կազմված նրա գործի պատճենը՝ առողջական վիճակի հետազոտումների վերաբերյալ բժշկական փաստաթղթերով: Դավիթն ունի սրտի, ստամոքսի հետ կապված խնդիրներ, որոնց պատճառով ազատվել է պարտադիր զինծառայությունից: Նա վաղ հասակում զրկվել է մորից՝ մայրը մահացել է, հայրը հաշմանդամություն ունի:
Պաշտպանը Դավիթի վերաբերյալ բնութագրեր էր վերցրել անգամ նրա դպրոցից ու «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, որտեղ Դավիթը գտնվում է արգելանքի տակ առնելու ժամանակից՝ 2017 թվականի ապրիլի 10-ից:
Ըստ դպրոցական բնութագրի՝ Դավիթը աչքի չի ընկել աշխատասիրությամբ, բայց եղել է հանգիստ տղա, իսկ հետևողական աշխատանքի դեպքում, ըստ ուսուցիչների, նա կարող էր ուսման մեջ հաջողություններ ունենալ:
Ըստ կալանավայրային բնութագրի՝ Դավիթը «հանդուրժող է, հանգիստ, օրինապահ…»:
Ըստ հարևանների բնութագրի՝ «Դավիթը հաշմանդամ հոր ու քրոջ նկատմամբ ուշադիր ու հոգատար է եղել»:
Սարգիսին էլ տասնմեկ հարևաններ անվանել էին իրենց աչքի առաջ մեծացած «խելոք երեխա, ումից վատ արարք չէին տեսել…»:
Դատական հաջորդ նիստին պաշտպան Լուսինե Մկրտչյանը իր պաշտպանյալ Դավիթ Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ նաև մասնագետի կարծիք կներկայացնի:
Դրանով ըստ երևույթին դատաքննությունը կհայտարարվի ավարտված, դատարանը կանցնի դատական վիճաբանություններին:
Դատավոր Աննա Մաթևոսյանը կողմերին իրազեկեց, որ հաջորդ դատական նիստը՝ փետրվարի 23-ին, հավանաբար տեղի կունենա Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող դատարանի շենքում:









































