Ազգային բժշկական ասոցիացիայի ղեկավար խորհրդի կազմում ընդգրկված 11 բժիշկներ ձերբակալվել են՝ սիրիական Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» օպերացիան քննադատելու համար,– հաղորդում է Hurriyet թուրքական թերթը։ Ձերբակալվածների թվում է նաև ասոցիացիայի ղեկավար բժիշկ Ռաշիտ Թյուքելը։
Հունվարի 30-ին ասոցիացիան դիմել էր իշխանություններին՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և անմիջապես խաղաղություն հաստատելու կոչով։
Հենց այս խաղաղ կոչի համար էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը մեղադրել է բժշկական ասոցիացիային պետական դավաճանության մեջ։ «Հավատացեք ինձ, նրանք ինտելեկտուալներ չեն, ստրուկներ են նրանք, իմպերիալիզմի ծառաներ»,– հայտարարել է նա։ Գլխավոր դատախազությունն էլ իր հերթին մեղադրել է ձերբակալվածներին «ահաբեկիչների գործողությունները օրինականացնելու, հանցագործությունը խրախուսելու և մարդկանց միջև թշնամանք և ատելություն սերմանելու համար»։
Բացի բժիշկներից, երկրում անցյալ շաբաթվա ընթացքում ևս 311 մարդ է ձերբակալվել՝ ռազմական գործողությունները քննադատելու համար։
Ի պաշտպանություն ձերբակալված բժիշկների հանդես են եկել ընդդիմադիր Հանրապետական կուսակցության պատգամավորները։











































