Armenia Today լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը, ում դեմ Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այսօր ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս ձերբակալված ընկերների ազատության համար ակցիային նշեց, որ ՀՀ-ում մենք չունենք իրավապահ մարմիններ:
«Վերջին ամիսներին ոստիկանների պահվածքը ցույց տվեց, որ ունենք բանդա, որը սեռական հակումներ ունի, թռնել այս կամ այն աղջկա վիզը համբուրել: Երբ ինձ վերջին անգամ տարել էին Արաբկիրի ոստիկանություն, մի ոստիկան էր ծնկներիս նստել: Հիմա հասել ենք այն օրի, որ պլակատ են տանում պատառոտում»,- ասաց նա՝ նկատի ունենալով այսօր ակցիայի ժամանակ ակտիվիստներից մեկի ձեռքից ոստիկանների կողմից խլած ցուցապաստառը:
Նրա խոսքով՝ գոյություն ունի հստակ օրենսդրություն, թե ինչ կարգով պետք է կատարվի այս կամ այն գործողությունը: «Բարոյական չէ իրենց պահվածքը, իրենց պահվածքն անբարոյական է, ոստիկանությունը կրկին իրականացրեց ապօրինություն բոլորի աչքի առաջ: Ոստիկանությունը մշտպես դիմում է սադրանքի, ապօրինությունների, մշտապես կատարում է հանցագործություն և փորձում այս կամ այն կերպ իր հանցագործությունը գցել քաղաքացիների վրա:
«Ամսի հինգին էլ մենք բոլորս ականատես եղանք, թե ինչ տեղի ունեցավ. տեղի ունեցավ ոստիկանության սադրանքը, որը նպատակ էր հետապնդում մեկուսացնել և կալանավորել Շանթ Հարությունյանին և իր համախոհներին և բռնություն կիրառել հասարակության ակտիվ ներկայացուցիչների նկատմամբ, որ վախ սերմանեն հասարակության շրջանում»,- ասաց նա:










































