Սերժ Սարգսյանը հունվարի 30-ին այցելել է արտաքին գործերի նախարարություն և հանդիպում ունեցել ղեկավար կազմի հետ: Սարգսյանի այցն ըստ էության ունեցել է երկու հիմնական նպատակ՝ դժգոհություն արտաքին գործերի նախարարության արդյունավետությունից, և ազգային անվտանգության ռազմավարության վերանայման մասին հայտարարություն: Սերժ Սարգսյանի այցն ու ԱԳՆ գործունեությունից դժգոհությունը ուշագրավ է հատկապես վերջին շաբաթներին, այսպես ասած՝ ռոբսոնյան դիվանագիտական սկանդալի ֆոնին, կապված ռուսաստանցի հայ մեծահարուստ Ռուբեն Թաթուլյանի, նրա դիվանագիտական անձնագրի, ԱԳ նախարարի խորհրդական լինելու, ամերիկյան պատժամիջոցների ենթարկվելու հետ:
Սարգսյանը, իհարկե, Ռոբսոնի թեման չի շոշափել, սակայն այդ ֆոնին նրա դժգոհությունն իսկապես հատկանշական է, հաշվի առնելով նաև այն, որ Սարգսյանը մեկ ամիս առաջ Տարեմուտի առիթով էր այցելել ԱԳՆ և, կարծես թե, առանձնապես տեղիք չէր տվել կարծելու, որ տեսնում է խնդիրներ: Մյուս կողմից, Թաթուլյանի խնդիրը, ընդհանուր առմամբ, իհարկե ավելի լայն և խորքային խնդրի արտացոլում է պարզապես, և թերևս այդ պատմությունը Սարգսյանի համար ընդամենը առիթ է դարձել բարձրաձայնելու, կամ, այսպես ասած, այլևս անհնար է դարձրել լռելը, նաև արտաքին աշխարհին ցույց տալու համար, որ Հայաստանում արտաքին քաղաքականության ոլորտը, այդուհանդերձ, լուրջ ոլորտ է:
Որքանով դա հաջողվեց Սերժ Սարգսյանին ԱԳՆ այցով, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ նա որոշակի մեսիջներ է փոխանցում ուժային կենտրոններ: Հարցը այն է՝ արտաքին քաղաքականությա՞ն որոշակի նորոգման մեսիջներ, քաղաքականություն իրականացնող կառույցի՞, թե՞ արտաքին գործերի նախարարի փոփոխության: Ապրիլին սպասվող վերանայումներին ընդառաջ արտաքին քաղաքականության նաև արտգործնախարարի հարցը ամենից շատ արծարծվողներից է, սակայն միաժամանակ նախարարի պաշտոնավարման մասով տեղեկություններ են հրապարակվում, որ Նալբանդյանը կմնա առնվազն մինչև հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով, որպես իր աշխատանքի վաստակը վայելելու պատիվ: Սակայն նախօրեին Սերժ Սարգսյանի այցն ԱԳՆ առնվազն կասկածի տակ դրեց այդ հանգամանքը: Մյուս կողմից՝ Սարգսյանն այդ մեսիջներով ակնարկում է, որ վարչապետ լինելու դեպքում վերանայումներ կանի արտաքին քաղաքականության մեջ՝ արտաքին հավանություն կամ աջակցություն ստանալու ակնկալիքով, թե՞ նախագահի պաշտոնը թողնելուց առաջ փորձում է կատարել այդ վերանայումները:
Այս տեսանկյունից առանցքային է նպատակի մյուս հատվածը՝ ազգային անվտանգության ռազմավարության վերանայում: Հայաստանում ազգային անվտանգության ներկայիս ռազմավարությունը մշակվեց ու ընդունվեց 2007-08 թվականների ցիկլին ընդառաջ, երբ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր ստանձնել իշխանությունը: Եվ դա, ըստ էության, նրա իշխանության անվտանգության ռազմավարությունն էր, ու հատկանշական է, որ տասնամյա ցիկլի ավարտին Սարգսյանը դարձյալ ձեռքը տանում է այդ փաստաթղթին և հայտարարում վերանայելու մասին՝ դրանով իր իշխանությո՞ւնը կամ իշխանության անվտանգությո՞ւնը վերանայելու համար, թե՞ վերանայելու արդեն իբրև հետիշխանական անվտանգության ռազմավարություն:









































