ԱՄՆ կոնգրեսականներ, Կալիֆոռնիա նահանգը ներկայացնող հանրապետական Դեյվիդ Վալադաոն և դեմոկրատ Բրեդ Շերմանը պատրաստվում են երկու կուսակցությունների ներկայացուցիչների ստորագրություններով նամակ հղել ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին՝ կոչ անելով վերաբանակցել Հայաստանի հետ կրկնակի հարկման մասին համաձայնագիրը: Կոնգրեսականները արդեն իսկ սկսել են շրջանառել նամակը և ստորագրություններ հավաքել Ներկայացուցիչների պալատի անդամներից:
ԱՄՆ կոնգրեսականները նշում են, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև գոյություն ունեցող համաձայնագիրը հնացած է և ճանաչվում է ԱՄՆ-ի կողմից, բայց ոչ Հայաստանի, քանի որ շուրջ չորս տասնամյակ առաջ այն ստորագրվել է ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև:
«Խորհրդային դարաշրջանի պայմանագիրը չի արտահայտում գլոբալացվող աշխարհի բարդությունը և ամերիկացի ու հայ ժողովուրդների միջև բարեկամությունը: Միջազգային հարկային համակարգերի բարդությունը չպետք է խանգարի հայկական և ամերիկյան ընկերություններին ներդրումներ կատարելու, բիզնես վարելու հարցում, իսկ կրկնակի հարկումն այդպիսի խանգարող հանգամանք է»,- նշել են կոնգրեսականները:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ պաշտոնական Երևանը դրա անհրաժեշտությանը դեռ վաղուց է բարձրաձայնել՝ ֆինանսների նախարարության մակարդակով. «Մեզ համար չափազանց կարևոր է ԱՄՆ-ի հետ ունենալ կրկնակի հարկումից խուսափող համաձայնագիր։ Բացի այդ՝ մեր համայնքային կազմակերպություններն ակտիվ աշխատում են ԱՄՆ Կոնգրեսում, որպեսզի այդ հարցը օրակարգում լինի ու հասնենք նրան, որ երկկողմ այնպիսի համաձայնագիր կնքվի, որով կազմակերպությունները, բիզնեսները կրկնակի հարկումից կխուսափեն»։
Մեր զրուցակիցը հավելում է, որ մի քանի խոշոր ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք Հայաստանում բիզնես են ծավալում, գնացել են Կոնգրես ու այնտեղ հանդիպումներ են ունեցել կոնգրեսականների հետ. «Ներկայացրել են, որ իրականում իրենք շատ են հարկ վճարում, որովհետև կրկնակի հարկումից խուսափող համաձայնագիրը չկա։ Նրանց մեջ էր նաև Երևանի «Մարիոթ» հյուրանոցի համասեփականատերերից մեկը, Թուֆենկյան ընկերության սեփականատերը և այլք»։
Սուրեն Սարգսյանը նշում է. «Միացյալ Նահանգների դիրքորոշումը հետևյալն է՝ առևտրի շրջանառությունը փոքր է, չկան խոշոր ընկերություններ, որոնք դիմել են իրենց և ասում են, որ կրկնակի հարկումից խուսափող համաձայնագիր չկա։ Եթե լինեն այնպիսիք, որոնք կդիմեն դեսպանատուն, բնականաբար, դեսպանատունը կաջակցի նրանց և կփորձի աշխատել գանձապետարանի քարտուղարի հետ, որպեսզի երկու պետությունների միջև համաձայնագիրը ստորագրվի։ Հիմա գործող համաձայնագիր կա, որը մնացել է ԽՍՀՄ շրջանից, բայց Միացյալ Նահանգները պնդում է, որ այս համաձայնագիրը բավարար է երկկողմ առևտրային հարաբերությունները կարգավորելու համար»։
Այն նախաձեռնությունը, որի շուրջ կոնգրեսակններն ակտիվ աշխատում ու քննարկում են, Սուրեն Սարգսյանի խոսքերով՝ այն է, ինչի մասին մենք 20-25 տարիների ընթացքում խոսել ենք, բայց Միացյալ Նահանգները դրան ընթացք չի տվել. «Սա լրացուցիչ ազդակ կարող է լինել և՛ ներդրողների համար, և՛ նրանց, ովքեր կուզենան հետագայում ներդրում անեն՝ մեծամասամբ ԱՄՆ հայ բիզնեսմենները։ Այս խնդիրը մեծամասամբ գտնվում է ոչ թե ԱՄՆ պետդեպարտամենտի, այլ գանձապետարանի քարտուղարի իրավասության ներքո։ Ես անձամբ Մնուչինին հարցրել եմ՝ թե որքանով է նպատակահարմար, արդյո՞ք Միացյալ Նահանգների օրակարգում կա այդ հարցը՝ և նրա պատասխանն այն էր որ, դա առաջնահերթություն չէ, բայց չի բացառել, որ նման համաձայնագիր կստորագրվի ապագայում։ Պետդեպն այստեղ, ըստ էության, անելիք չունի, որովհետև դա Հայաստանի ֆինանսների նախարարության և Միացյալ Նահանգների գանձապետարանի երկկողմ աշխատանքի արդյունքը պետք է լինի»։

Ամերիկագետ Արեգ Գալստյանը մինչդեռ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախաձեռնությունը որքան էլ գեղեցիկ և օգտակար թվա՝ նախքան ԱՄՆ նախագահ Թրամփի ստորագրումը, մի շարք բարդ փուլերով պետք է անցնի. «Դա չի մտնում Ներկայացուցիչների պալատի լիազորությունների մեջ, ուստի կոնգրեսականներ Վալադաոն և Շերմանը կարող են միայն նախաձեռնություն ցույց տալ ու ներկայացնել այն ստորին պալատ»։
Արեգ Գալստյանը հավելում է. «Այո շատ լավ ու գեղեցիկ նախաձեռնություն է, բայց ընդամենը կոնգրեսականների կողմից, որոնք չունեն բավարար ազդեցություն այն քարոզելու համար։ Կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք՝ պաշտոնական Սպիտակ տունն այժմ այնքան էլ հետաքրքրված չէ կրկնակի հարկման չեղարկմամբ՝ ոչ միայն Հայաստանի, այլ ցանկացած այլ պետության հետ կապված։ Դա Թրամփի վարչակազմի տնտեսական առաջնահերթությունների մեջ չի մտնում, որովհետև այն չի համապատասխանում տնտեսական հովանավորչության քաղաքականությանը: Ես չգիտեմ, թե ինչ պետք է պատահի, որպեսզի Հայաստանի մասով բացառություն անեն»։









































