ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը պատմեց, որ մի քանի օր առաջ Թեղուտի կողմերում են եղել և մասնավորապես Այրումի պոչամբարում ուսումնասիրություն են կատարել: Այս առիթով պատգամավորն ասաց. «Պոչամբարը լցվել է, ու ժամանակ առ ժամանակ այդտեղից թողնում են ջուրը, և խյուսն առուներով գնում է: Իսկ ձեր տեսչությունը ստուգումներ է արել ու պնդում է, թե ամեն ինչ նորմալ է: Ուստի լուրջ հարցեր են առաջանում, թե դուք որքանով եք օբյեկտիվ: Մենք այնտեղ գտանք սատկած խեցգետին, որի վրա շերտով այդ խյուսը նստած էր: Այդ ամենը Դեբետն է լցվում, ու երբ վրացիները հայտնաբերեցին, որ այդ թունաքիմիկատները ուղարկում ենք իրենց, լուրջ միջազգային խնդիր ենք ունենալու: Բացի այդ մարդիկ խյուսով ջրով են ոռոգում իրենց այգիները, ու մենք այդ պտուղն ուտում ենք»:








































