Փետրվարի 4-ին ժամը 13։00-ին «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները պատրաստվում են հավաք, այնուհետև ավտոերթ իրականացնել՝ պահանջելով վերանայել աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան արգելող օրենքի նախագիծը, որը կառավարության կողմից արդեն հաստատվել է։
Հիշեցնենք, որ համաձայն այդ որոշման՝ ապրիլի 1-ից այլևս արգելվում է մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը Հայաստան ներկրել աջ ղեկանիվով մեքենաներ և դեռևս անհայտ է այս արգելքը կշարունակի գործել նաև հոկտեմբերի 1-ից հետո, թե ոչ։
Նշենք, որ նախաձեռնության անդամները պատրաստել էին առաջարկների փաթեթ, որը պետք է քննարկվեր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի կամ նախարարության ներկայացուցիչների հետ, սակայն, ինչպես նախաձեռնության անդամներն են պնդում՝ նախարարությունն իրենց «գցել է»։
«Առաջարկությունները հիմնականում վերաբերել է ժամկետների վերանայմանը, որովհետև այն ժամկետը, որ սահմանվել է այդ որոշման մեջ ՝ օբյեկտիվ հիմնավորում չունի և չի արտացոլում իրականությունը, այսինքն՝ ռեալ ժամկետներ չեն ընտրված։ Հունվարի 8-ին, երբ կառավարության դիմաց հանդիպեցինք նախարարության ներկայացուցչի հետ՝ հենց նախարարության կողմից առաջարկ եղավ, որպեսզի նստենք և քննարկենք մեր ներկայացրած առաջարկները, դրանից հետո՝ հունվարի 11-ին կառավարության նիստում այս արգելքի վերաբերյալ հարցն օրակարգում ընդգրկված չէր, մինչդեռ նիստից 5 րոպե առաջ հարցը մտցվեց օրակարգ․ հաշվի առնելով քցողի այն քաղաքականությունը, որն ունի տրանսպորտի նախարարությունը՝ մենք նախատեսում ենք փետրվարի 4-ին հավաք և ավտոերթ իրականացնել, որից հետո էլ պատրաստվում ենք բաց նամակով դիմել նաև երկրի նախագահին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք սպառել ենք բոլոր այն օղակները, որոնք պատասխանատու են այս հարցի լուծման համար։ Կարծում ենք, որ նախագահն՝ որպես Սահմանադրության գլխավոր երաշխավորը, որևէ կերպ այս հարցին կարձագանքի։ Ավտոերթից հետո մեր հետագա քայլերի մասին լրացուցիչ կիրազեկենք հանրությանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց «Աջ ղեկ» նախաձեռնության անդամ Արա Մելիքջանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։











































