Փարիզի դրամահատման պալատը վերսկսել է արշավը՝ ուղղված 5 եվրո անվանական արժեքով մանրադրամների ստեղծմանը:
Մանրադրամները շրջանառության մեջ դնելը թույլ կտա տնտեսել 10 միլիարդ եվրո: Միջոցների տնտեսումն առաջին հերթին պայմանավորված է մանրադրամների ծառայության երկար ժամկետով. այն կարող է շահագործվել միջինը 40 տարի, մինչդեռ թղթադրամի կյանքի տևողությունը կազմում է ընդամենը 1 տարի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Փարիզի Դրամահատման պալատի ղեկավար Քրիստոֆ Բոյի խոսքով՝ եթե 5 եվրոյանոց բոլոր թղթադրամները փոխարինվեն մանրադրամներով, եվրոգոտին կկարողանա 10 մլրդ եվրո տնտեսել: Բոն հայտարարությունն արել էր Բրյուսելում ելույթ ունենալիս, որտեղ հավաքվել էին եվրոգոտու երկրների, ինչպես նաև Եվրոպական կենտրոնական բանկի և եվրոպական երկրների այլ ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ առաջին անգամ այդ գաղափարը Ֆրանսիան հնչեցրել էր 2011 թվականին: