ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նախագահի ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Ուղերձում Օբաման բավական դրական տոնով է խոսում Ալիևի հետ, իհարկե՝ մատնանշում Ադրբեջանում ժողովրդավարության խնդիրները, սակայն միևնույն ժամանակ խոստանում դրանք լուծելու դեպքում էլ ավելի ամրապնդել ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները:
Հայաստանի պաշտոնական քարոզչությունը սրանից երևի շատ հիասթափված կլինի, քանզի երբ Ադրբեջանում նախագահական ընտրություններն ավարտվեցին, Օբաման շնորհավորել էր Ադրբեջանին Նովրուզ Բայրամի կապակցությամբ, սակայն նախագահական ընտրությունները չէր էլ հիշել: Հայաստանի իշխանական քարոզչամեքենան հրճվել էր, ինչպես սովոր է հրճվել նման բաներից՝ իրական քաղաքական պրոցեսները նկատելու և Հայաստանի համար դրանցում լուրջ մարտահրավերների մասին խոսելու փոխարեն, հատկապես Մաքսային միությունից հետո:
Եվ ահա այս առումով հնչում է հերթական ահազանգը՝ ի դեմս Օբամայի նամակի: Այստեղ հետաքրքրական է մի կողմից՝ նամակի փաստն ու տոնայնությունը, մյուս կողմից՝ հատկանշական է Ղարաբաղյան հակամարտության պահով պատմական շանսի մասին Օբամայի հիշատակումը: Սակայն ամեն ինչ հերթով:
Նախ՝ Օբամայի շնորհավորանքը վկայում է Ադրբեջանի հանդեպ ամերիկյան քաղաքականության փոփոխության մասին, ինչի պատճառներից մեկն այն է, որ Հայաստանն, ըստ էության, ուղղակիորեն «գցեց» Միացյալ Նահանգներին, որոնք բավական վստահորեն էին մոտենում Սերժ Սարգսյանին և անգամ աչք էին փակում Հայաստանում առկա որոշ հակաժողովրդավարական իրողությունների վրա: Սակայն այստեղ ԱՄՆ-ի նեղացածության հարց չէ, որ Սերժ Սարգսյանն իրենց հուսախաբ է արել: Ոչ: Այստեղ քաղաքականության հարց է, քաղաքականությունը պետք է իրականացվի, և եթե Հայաստանը հրաժարվում է այդ պատասխանատվությունից ու հանձնվում Ռուսաստանին, ապա քաղաքականության իրացման համար մնում է Ադրբեջանը: Ինչու ոչ՝ Վրաստանը, որովհետև Վրաստանն այլ օպերա է տվյալ պարագայում:
Այստեղ էական է Արցախի հարցը: Եվ ահա այստեղ էլ առաջանում է ամենամտահոգիչը՝ պատմական շանսի պահը, որի մասին Օբաման խոսում է Ալիևի հետ: Սա կոնկրետ քաղաքական առաջարկ է Ադրբեջանին, և թեև այս առաջարկի բուն էությունը չի նկատվում, և այն միգուցե եղել է ամերիկացի համանախագահի՝ առանձին Բաքու կատարած այցի ընթացքում, այնուամենայնիվ՝ կասկած չկա, որ եթե առաջարկն Ալիևն ընդունի, ապա Հայաստանի համար արցախյան խնդրում կստեղծվի հիրավի բարդ մի իրավիճակ: Ընդ որում, խնդիրն այն չէ, որ Ղարաբաղը կվերցնեն ու կտան Ալիևին:
Առաջարկն, ամենայն հավանականությամբ, այլ բնույթ կունենա, պարզապես կովկասյան ազդեցության համար աշխարհաքաղաքական մրցակցության կենտրոնը կտեղափոխվի Ադրբեջան: Իսկ նման մրցակցությունը՝ իր մարտահրավերներով հանդերձ, այնուամենայնիվ, նաև շանս է՝ առկա հնարավորություններն օգտագործելու և ամրանալու, քաղաքական գործընթացներում սեփական դերն ավելացնելու համար:
Հայաստանն այս տեսանկյունից ուղղակի թաղեց իր շանսերը: Եթե հանկարծ Ալիևը կարողանա օգտագործել աշխարհաքաղաքական զարգացումների ծանրության կենտրոնի այս տեղափոխումը, ապա սա Հայաստանի համար կարող է ավարտվել լիակատար մեկուսացմամբ և, ըստ էության, աղետով:
Ընդ որում, այստեղ Ալիևի համար, այսպես ասած, անպարտելի տարբերակ է, որովհետև ձախողելու դեպքում նա շատ չի տուժի, քանզի իրենից առաջ Հայաստանն արդեն ձախողել է հնարավորությունների իր բաժինը, և ուժերի բալանսը կմնա նույն վիճակում, և Ադրբեջանի ու Հայաստանի միջև տարբերությունը կշարունակի աճել ընդամենը առկա դանդաղությամբ:
Այսինքն՝ ըստ էության այլևս սա է խնդիրը՝ Ադրբեջանը այդ տարբերությունը շատ արա՞գ, թե՞ դանդաղ կմեծացնի: Հայաստանի իշխանությունները տապալելով Հայաստանի քաղաքական պատասխանատվությունը՝ ամեն ինչ հանգեցրին ընդամենը այդ հեռանկարին:








































