Սպիտակ տունը պետծառայողներին ավելի քան 2 մլրդ դոլար փոխհատուցում կվճարի նրանց աշխատանքի 16-օրյա դադարի համար: Այս մասին գրում է The New York Times-ը:
Սպիտակ տան հաշվետվության տվյալներով՝ կորել է հարկադիր արձակուրդ ուղարկված աշխատողների 6 միլիոն աշխատանքային օր: Մի շարք ընկերություններ վնասներ են կրել՝ կապված թույլատրող փաստաթղթերի ու վարկերի տրամադրման դադարեցման, ինչպես նաև այցելությունների համար մի շարք զբոսաշրջային վայրերի փակման հետ:
Սպիտակ տանը նշում են, որ հոկտեմբերյան «շաթդաունը» հանգեցրել է շրջակա միջավայրի ոլորտում տարբեր թույլտվությունների տրամադրման, ինչպես նաև պետական փորձագետների կողմից բազմաթիվ նախագծերի գնահատման դադարեցման: Դրա պատճառով ընկերությունները ստիպված են եղել հետաձգել մի շարք տրանսպորտային և էներգետիկ նախագծերի իրականացումը, որոնք նախատեսում էին բազմաթիվ աշխատատեղերի ստեղծում:








































