Գուգենհայմի թանգարանն առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա կնոջը՝ Մելանյային ոսկե զուգարանակոնքի տեսքով արտ-օբյեկտ՝ Վան Գոգի կտավի փոխարեն, որոնք նրանք խնդրել էին փոխառել։ Այս մասին գրում է The Washington Post-ը։
Պարբերականի տվյալներով՝ Թրամփերը խնդրել էին թանգարանից 1888 թվականին Վան Գոգի կերտած «Ձյունոտ բնապատկեր» նկարը, որի վրա պատկերված է սև գլխարկով տղամարդ, որն իր շան հետ քայլում է Առլի հովտով։ Այդ նկարով ամուսինները ցանկանցել են զարդարել Սպիտակ տան իրենց նստավայրը։
Զույգին առաջարկված ոսկե զուգարանակոնքը հանդիսանում է ժամանակակից նկարիչ Մաուրիցիո Կատելանի ինտերատիվ արտ-օբյեկտը։ «Ամերիկա» անվանումով ստեղծագործությունը մեկ տարի դրված է եղել թանգարանի զուգարաններից մեկում։ Այն հասանելի է եղել այցելուներին օգտագործման համար։
ԱՄՆ առաջին դեմքերը հաճախ են թանգարաններից կտավներ փոխ առնում՝ Սպիտակ տան իրենց կաբինետները զարդարելու համար։









































