Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սոցիալական հաղորդակցությունների համաշխարհային օրվա առիթով հղված ուղերձում, որը հրապարակել է Vatican News-ը, չորրորդ իշխանության ներկայացուցիչներին կեղծ նորությունների դեմ պայքարի կոչ է արել։
Նա լրագրողներին անվանել է «նորությունների պաշտպաններ», որոնց աշխատանքը ժամանակակից աշխարհում ոչ թե պարզապես աշխատանք է, այլ առաքելություն։ Նրանք պետք է հիշեն, որ տեղեկատվության էությունը կայանում է ոչ թե դրա փոխանցման արագության կամ ազդեցության, այլ մարդկանց մեջ, ընդգծել է քահանայապետը։
«Իրազեկելը նշանակում է ձևավորել մյուսներին, դա նշանակում է՝ առնչություն ունենալ մարդկանց կյանքի հետ»,-գրել է Ֆրանցիսկոս պապը։ Նա կոչ է արել խթանել «խաղաղության լրագրությունը»։
«Ես նկատի ունեմ լրագրություն, որը ճշմարտացի է, դիմակայում է ստին, հռետորական կարգախոսներին և սենսացիոն գլխագրերին։ Լրագրությունը ստեղծված է մարդկանց կողմից՝ մարդկանց համար, որը ծառայում է բոլորին, հատկապես նրանց, ովքեր ձայն չունեն, և այդպիսիք աշխարհում մեծամասնություն են»,-հայտարարել է Հռոմի պապը։
Նա հավելել է, որ առաջին կեղծ նորությունը ստեղծել է «խորամանկ օձը», որի մասին հիշատակվում է Գիրք Ծննդոցում։











































