Շրջանառության մեջ է դրվել Անվտանգության խորհրդի մասին օրենքի նախագիծը, որը ապրիլին ընդառաջ՝ ներհայաստանյան զարգացումների կարևորագույն նախագծերից մեկն է: Խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում Անվտանգության խորհուրդը Սահմանադրությամբ օժտվել է որոշումներ կայացնելու իրավասությամբ, որոնք առնչվելու են պաշտպանական քաղաքականությանը:
Անվտանգության խորհուրդը ի պաշտոնե գլխավորում է վարչապետը, սակայն այստեղ կա հետաքրքիր բալանս, ի տարբերություն, օրինակ, կառավարության՝ այստեղ գերակայում են ուժային բլոկի ներկայացուցիչները: Այլ կերպ ասած՝ ստեղծվում է որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող մի բարձր կառույց, որը թեև ղեկավարում է, գլխավորում է վարչապետը, այնուհանդերձ վարչապետը այդ կառույցում թերևս ավելի շուտ ենթակա է լինելու ուժային բլոկի գերակայությանը:
Ստացվում է, որ Անվտանգության խորհուրդը դե ֆակտո կարող է դառնալ կառավարության այլընտրանք կամ զուգահեռ կառույց, հակակշռող բևեռ: Դրա որոշումները իհարկե առնչվում են պաշտպանական քաղաքականությանը, ու դրանք ունեն, այսպես ասած, պարտադիր բնույթ, իսկ մյուս որոշումները լինելու են խորհրդակցական բնույթի, այսինքն՝ կատարման համար ոչ պարտադիր, սակայն պաշտպանական քաղաքականությունը, այն էլ՝ պատերազմող երկրում, որտեղ առաջ է քաշվել ազգ-բանակ հայեցակարգ, դառնում է շատ լայն, գրեթե ամենուր ներթափանցող քաղաքականություն:
Այս տրամաբանությունը, այսինքն՝ կառավարության դե ֆակտո հակակշռի, բացառիկ կամ եզակի չէ, և դրա վրա է կառուցված կառավարման նոր մոդելն ամբողջությամբ: Ավելին, ոչ միայն դե յուրե ձևավորվում են իշխանության բավականին մեծ լծակների տիրապետող կառույցներ կամ ինստիտուտներ, նոր մոդելի կամ համակարգի պայմաններում առկա են նաև իշխանության դե ֆակտո բևեռներ, որոնք դե յուրե չունեն առանցքային դրսևորում և լծակ, սակայն անկասկած է, որ իրականում ունենալու են ազդեցություն ու նշանակություն:
Մեկի մասին ունեցել ենք բազմաթիվ անգամ խոսելու առիթ՝ խոսքը խորհրդարանում դե յուրե կամ կայուն մեծամասնությունից բացի՝ նաև իրականում առավել տարածական դե ֆակտո մեծամասնության մասին է, որ ձևավորել է Սերժ Սարգսյանը, ու որը իր դրսևորումը կունենա թերևս չորրորդ նախագահի խորհրդարանական ընտրությանը՝ Սերժ Սարգսյանի ասած, «ընդարձակ մեծամասնության» տեսքով:
Մյուսը հենց չորրորդ նախագահն է, որը դե յուրե ներկայացուցչական մարմին լինելով՝ դե ֆակտո արդեն իսկ, դեռևս չընտրված, դարձել է ներիշխանական իրական գործոն: Դա թեկնածուի շնորհիվ է՝ Արմեն Սարգսյանի, որն ունի Հայաստանում քաղաքական գործոն դառնալու անհրաժեշտ ռեսուրսային պայմանները և գուցե մի բան էլ ավելի՝ կապիտալ, այն էլ՝ միջազգային հաղորդակցական թելերով պատված, միջազգային կապեր ու ընդունվածություն, նաև հանրային դրական վարկանիշ: Իսկ քանի որ հայաստանյան քաղաքական կամ իշխանական համակարգում, ըստ ավանդույթի, որոշիչը ոչ թե պաշտոններն են, այլ հենց այդ ռեսուրսային բազան և դա օգտագործելու կարողությունը, ապա Արմեն Սարգսյանի դեպքում թերևս վստահաբար հնարավոր է ասել, որ այդ կարողությունը այս անգամ նա կգտնի՝ ի տարբերություն երևի 1996-ի, երբ նա տեղի տվեց համակարգին:
Բանն այն է, որ ներկայումս այլ է նաև համակարգը, և այստեղ է, որ առանցքային է դառնում դրա բազմակենտրոնության հանգամանքը: Անվտանգության խորհուրդը այս տեսանկյունից, ըստ էության, նույնիսկ ավելին է դառնում, քան կառավարությունը, քանի որ այստեղ կայացվում են որոշումներ պաշտպանական ոլորտի քաղաքականության մասով, որը անխոս գերակա է լինելու մյուս ոլորտների և ուղղությունների վրա, ու հաշվի առնելով այն, որ այդ խորհրդում լինելու է գերազանցապես ուժային բլոկի գերիշխանություն, հնարավոր է ասել, որ Անվտանգության խորհուրդը ըստ էության կարող է գերակա լինել անգամ խորհրդարանական մեծամասնության նկատմամբ՝ դե ֆակտո:
Ինչի՞ համար է ստեղծվել այդ բարդ ու բազմաշերտ համակարգը, արդյո՞ք Սերժ Սարգսյանի հարատև վարչապետության, ինչպես ընդունված է համարել և պնդել այժմ: Բայց չէ՞ որ այդ դեպքում Սարգսյանի համար պետք է որ առավել նախընտրելի լիներ մի համակարգ, որը ոչ թե բազմակենտրոն է, այլ բրգաձև: Իհարկե, Սերժ Սարգսյանը վարչապետ լինելու դեպքում այդ ամենը կպահի իր ազդեցության տակ՝ բազմակենտրոնությունը վերածելով ֆորմալության, սակայն, այդուհանդերձ, կենտրոնները օժտված են սահմանադրական իշխանությամբ, հետևաբար հարց է ծագում՝ Սերժ Սարգսյանն ինչո՞ւ պետք է իր իսկ վարչապետության տակ դներ այդ կենտրոն-ականները:
Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը միանգամայն իրատեսական է համարել այն, որ հնարավոր է դրանք ի վերջո հայտնվեն այլ վարչապետի տակ:









































