Թոմ Քրուզը հազվադեպ է մեկնաբանում նախկին կնոջ՝ Քեթի Հոլմսի և դստեր՝ Սուրիի հետ իր հարաբերությունները: Սակայն լրագրողների կողմից հայթայթած դատական փաստաթղթերում դերասանը մանրամասն նկարագրում է, թե ինչպես է ապահովում ընտանիքի հետ շփումը:
51-ամյա դերասանը հայց է ներկայացրել նույն հրատարակչութանը պատկանող երկու տաբլոիդների՝ In Touch-ին և Life & Style-ի դեմ, որոնք 2012 թ. գրել են, որ ամուսնալուծությունից հետո Քրուզը դադարել է շփվել նաև Սուրիի հետ, ինչի պատճառով երեխան իրեն լքված է զգում:
Քրուզը ամսագրերը հրատարակողից 50 միլիոն դոլար է պահանջում: Նա չի բացառում, որ երբ հոդվածները տպվել են, ինքը երեխայից հեռու է գտնվել նկարահանումներում զբաղված լինեու պատճառով:
«Մենք Սուրիի հետ հանդիպել ենք 2012 թ. հուլիս, օգոստոս, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին: Սակայն նույնիսկ հեռու գտնվելով՝ մենք հեռախոսով շփվել ենք միմյանց հետ: Մենք գրեթե ամեն օր խոսել ենք հեռախոսով, ես միշտ հետաքրքրվում եմ այն ամենով, ինչը կապված է դստերս, նրա դպրոցի և ընկերների հետ: Ինչպես ցույց են տալիս իմ էլեկտրոնային նամակները, ես միշտ ներկա եմ գտնվել Սուրիի կյանքում:
Ես վստահ եմ, որ աղջիկս կարոտում է ինձ, սակայն նա շատ երջանիկ երեխա է, մենք հրաշալի հարաբերություններ ունենք: Նա երբեք՝ թե՛ իր խոսքերով, թե՛ գործողություններով ցույց չի տվել, որ իրեն լքված է զգում»:
Իսկ ահա հրատարակչության փաստաբանները հայտնել են, որ իրենց տրամադրության տակ են գտնվում Քրուզի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրների մեկնաբանությունները, որոնք հակառակն են ապացուցում:












































