Եվրոպական միությունը մեծ ներդրումներ է կատարել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար: Այս մասին Հայաստանում 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մոնիտորինգի անցկացման վերաբերյալ զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Բացի այդ, դեսպանի խոսքով, ԵՄ-ն նաև ակտիվ քաղաքական մասնակցություն է ունեցել` ամեն կերպ աջակցելով ընտրությունների անցկացմանը: «Մենք ավելի քան 7 միլիոն եվրո ենք ներդրել ընտրությունների կազմակերպման ու անցկացման համար: Եվրոպական միությունը՝ ի դեմս մի շարք անդամ երկրների, մասնավորապես՝ Գերմանիայի և Միացյալ Թագավորության, ապահովել է ամբողջ ֆինանսավորման 90 տոկոսը»,- հիշեցրեց եվրոպացի պաշտոնյանը` հավելելով, որ միջոցները հիմնականում ուղղվել են ընտրությունների տեխնիկական ապահովմանը:








































