Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին կոչ են արել աջակցել երկրում ժողովրդավարական գործընթացներին և համագործակցել վարչապետի, կառավարության, խորհրդարանի, այդ թվում նաև ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության հետ՝ հանուն բարեփոխումների հետագա առաջընթացի: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը:
Եվրահանձնակատարների հայտարարության համաձայն՝ ԵՄ-ի հետևողական ընդլայնումը աջակցել է Արևելյան Եվրոպայի երկրներին ԵՄ-ի հետ մերձեցմանը: Նրանց խոսքերով՝ այդ երկրների անվտանգությունը, կայունությունը, բարեկեցությունը գնալով ավելի մեծ ազդեցություն են ունենում ԵՄ-ի վրա, որի շնորհիվ ստեղծվել է փոխշահավետ համագործակցություն:
«Վերջին ժամանակներս Վրաստանն արագացրել է առաջ շարժվելու գործընթացը, և նոյեմբերի 28-29-ին «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին ակնկալվում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրում, որում ներառվում է խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: ԵՄ-ի հարաբերությունները Վրաստանի հետ հիմնված են հարևանության քաղաքականության և «Արևելյան գործընկերության» վրա»,- ասվում է եվրահանձնակատարների հայտարարության մեջ:







































