Սերժ Սարգսյանն այսօր ներկայացրել է Հանրապետական կուսակցության կողմից առաջադրած հանրապետության նախագահի թեկնածուի անունը: ՀՀԿ թեկնածուն Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է: Հայաստանի նախագահի ընտրությունների հերթական գործընթացը մեկնարկեց խիստ կանխատեսելի սցենարով: Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ խոսեց ապագա նախագահի ինչ-որ չափանիշների մասին, սակայն անգամ ձևական հանրային կամ քաղաքական քննարկում տեղի չունեցավ Սարգսյանի խոսքի շուրջ, որովհետև վերջինս, ինչպես միշտ, հանրությանը, անգամ սեփական կուսակցությանն ընդամենը տեղյակ պահեց իր որոշման մասին` առանց նրանց կարծիքն իմանալու ակնկալիքի:
Կասկածից վեր է, որ Արմեն Սարգսյանը նախագահ է ընտրվելու խորհրդարանական քվեարկության հենց առաջին փուլում` ֆորմալացնելով Սերժ Սարգսյանի «ընդարձակ մեծամասնության» բանաձևը: «Ընդարձակ մեծամասնություն» տերմինը քաղաքական բովանդակություն չունի, որովհետև դասական քաղաքականության կանոններով որևէ բանական բացատրություն չկա, թե ինչու ֆորմալ առումով ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքը պետք է պաշտպանի ՀՀԿ-ի թեկնածուին` այն դեպքում, երբ իշխանության առնվազն տնտեսական քաղաքականության ամենահետևողական քննադատն է:
«Ընդարձակ մեծամասնությունն» ընդամենը համակարգային նոր ստատուս-քվոյի խորհրդարանական դրսևորումն է, որը, անշուշտ, կիրառվելու է նաև վարչապետի ընտրության ժամանակ: Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը հուշում է, որ Սերժ Սարգսյանը համակարգը բարեփոխելու իրական ցանկություն չունի և հերթական անգամ դրան է միացնում, այսպես կոչված, «արհեստական սնուցում»: Որևէ մեկը հստակ չգիտի, թե ինչ քաղաքական ծրագրեր կամ արժեքային համակարգ ունի Արմեն Սարգսյանը: Նա Հայաստան է բերվում ավանսով` հասարակության մոտ ստեղծելով դրական սպասումների ֆոն, որի հիմքում դեսպան Սարգսյանի միջազգային կապերն են և նախկին վարչապետ Սարգսյանի «հալածյալի» իմիջը: Մեր հասարակությունը, որը վաղուց զրկվել է կոնսոլիդացիայի ռացիոնալ հիմքից, շատ հաճախ կուլ է տալիս իշխանությունների պարզունակ խայծերը:
Մոտավորապես նույն բանաձևով 2016-ի սեպտեմբերին վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, որը հանրության մոտ դրական սպասումներ առաջացրեց, որովհետև արտահամակարգային գործիչի ընկալում ուներ: Ժամանակը, սակայն, ցույց տվեց, որ «նոր ոգին» բովանդակություն չուներ, այլ ընդամենը քարոզչական ֆոն էր, որի բարենպաստ քողի տակ Սերժ Սարգսյանը հերթական անգամ «տոկոս խփեց» ՀՀԿ-ի համար:
Հիմա նույն իրավիճակն է Արմեն Սարգսյանի պարագայում: Կարեն Կարապետյանի «բարի ժպիտի», խոստումների լիմիտը սպառվել է` հատկապես վերջին թռիչքային թանկացումների ֆոնին: Հիմա եկել է հասարակությանը նոր կերպարով` Արմեն Սարգսյանով, «հրապուրելու» ժամանակը, մանավանդ, որ նրա ընտրությունը նախագահի պաշտոնում չի սպառնում համակարգային կայունությանը կամ ստատուս-քվոյին: Սակայն նախագահական այս կամպանիան նախորդ վեցից տարբերվում է ոչ միայն նրանով, որ փոխվել են կառավարման մոդելը և երկրի նախագահի ընտրության կարգը:
Առաջին անգամ ապագա նախագահը ոչ թե ընտրվեց` թեկուզ կեղծված ուղղակի ընտրությունների կամ խորհրդարանական ձևական պրոցեդուրայի միջոցով, այլ ըստ էության նշանակվեց մեկ մարդու կողմից: Սերժ Սարգսյանը տուրք չտվեց ֆորմալությանը և միանձնյա որոշեց Հայաստանի չորրորդ նախագահին` խորհրդարանական կառավարմանն անցնելու նախաշեմին վերջնականապես նսեմացնելով Ազգային ժողովը: Ընդ որում` այս ամենը տեղի է ունենում իշխանության տոտալ ապաքաղաքականացման ֆոնին, որը, մի կողմից, գրեթե բացարձակ է դարձնում Սերժ Սարգսյանի անձնակենտրոն իշխանությունը, մյուս կողմից` անձեռնմխելի է դարձնում օլիգոպոլ համակարգը:










































