«Հանրային նշանակության խնդիրների լուսաբանումն էթիկական տեսանկյունից» թեմայով միզգային կոնֆերանսին ելույթով հանդես եկավ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանը: Խոսելով «ԵՄ-Հայաստան հարաբերությունների լուսաբանումը ԶԼՄ-ներում. էթիկական խնդիրներ» թեմայի շուրջ՝ Պետրոս Ղազարյանը նշեց, որ տարօրինակն այն է, որ քաղաքական ուժերը պետք է խթան հանդիսանային քննարկումների համար: Նա նշեց, որ թեև այսօր տասներեք համապետական հեռուստաընկերություններ գոյություն ունեն, սակայն առավելագույնը երեք -չորս հեռուստաընկերությունում են այս թեմաները քննարկվում: Հետևաբար, ըստ նրա, անհնար էր լուրջ քննարկումներ կազմակերպել: Նրա դիտարկմամբ` եթե չկա քաղաքական դիսկուրս, շատ դժվար է լրագրողների կողմից կազմակերպել թեմայի շուրջ քննարկումներ:
«Մենք չենք կարող օդի միջից կազմակերպել քննարկումներ: Այս պրոցեսը քաղաքական դաշտում չեփվեց, չեռաց, դրա համար մենք մատուցեցինք այն հատվածական, ոչ լիարժեք, և մինչև այսօր էլ այն մնում է չբացահայտված»,- ասաց Պետրոս Ղազարյանը:
Նա անդրադարձավ նաև քաղաքական համակարգի վարքագծին` նշելով, որ իշխանությունը մինչև վերջ փաստաթուղթը չհրապարակեց. «Մենք քննարկում էինք անում մի փաստաթղթի շուրջ, որը չէինք տեսել: Նույնիսկ այն պահին, երբ հայտարարվեց` բանակցային պրոցեսն ավարտվել է, դարձյալ չհրապարակվեցին փաստաթղթերը: Իշխանությունը փակ պահեց փաստաթուղթը և հնարավորիս գնաց այս պրոցեսը չհանրայնացնելու ճանապարհով»,- ասաց նա` հավելելով, որ իշխանության մեջ այս պրոցեսի մասին տեղեկատվություն կրող պաշտոնատար անձինք մի քանիսն էին:
Նա նշեց նաև, որ ընդդիմությունը ողջ այս գործընթացից մեկուսացված էր: Այնուամենայնիվ, նրա խոսքով, թե՛ ընդդիմությունը և թե՛ իշխանությունը շահագրգռված չէին, որ այս քննարկումները տեղի ունենան: Քաղաքական դաշտում կոնսենսուս կար՝ եկեք չհանրայացնենք այս պրոցեսը:








































