Սեպտեմբերի 3-ի որոշումը հետևանք է որոշակի պրոցեսների: «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և ՀԱԿ ներկայացուցիչ
Վահագն Խաչատրյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ շատերը մոռանում են, որ ՄՄ-ին միանալու Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի որոշումը հետևանք է և ոչ թե այն բանի, որ այդ որոշման հետևանքով ինչ-որ գործընթացներ կլինեն, այլ դա է հետևանքը որոշ գործընթացների: Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ ՀՀ անկախ պատմության ընթացքում առաջին անգամ Սերժ Սարգսյանը խախտեց ՀՀ արտաքին քաղաքական հավասարակշռությունը, որը լավագույնս կարողանում էր իր պաշտոնավարման տարիներին իրականացնել Լևոն Տեր-Պետրոսյանը, և որը շատ բարդ գործ է: Ըստ նրա՝ երբ հասկանանք այս ամենը, կհասկանանք մյուս բոլոր զարգացումները:
Խոսելով ՄՄ հեռանկարներից՝ բանախոսը հարցադրում արեց, թե ո՞վ գիտի՝ ինչ է ՄՄ-ն: Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրել է որոշակի նյութեր, և իր համար պարզ է դարձել, որ ՄՄ-ում հավաքված մաքսերի գումարի 88 տոկոսը, ըստ ՌԴ-ի, Ղազախստանի և Բելառուսի միջև եղած պայմանագրի, ՌԴ-ին գնում, ուստի, նրա համոզմամբ, ներկայումս ամենակարևոր հարցերից է լինելու՝ քանի՞ տոկոսն է ուղղվելու Հայաստանին: Հաջորդ հարցը, նրա խոսքով, կլինի հետևյալը՝ Հայաստանից կլինե՞ն ապրանքնատեսակներ, որոնք հատուկ ռեժիմ կունենան: Մյուս հարցն էլ այն է, որ ՄՄ-ն Հայաստանի հետ ընդհանուր սահման չունի, մաքսազերծման հարցերն ինչպե՞ս են լուծվելու:
«Այս հարցերից որևէ մեկը պատասխան չունի: Մենք, լինելով տնտեսահետ, քաղաքական գործիչ, իրավունք չունենք օդից վերցնել գնահատականներ ու մատուցել ժողովրդին. նման բան հնարավոր չէ: Առավել ևս, որ պարզվում է՝ ՄՄ-ին ՀՀ անդամակցությունը մշուշոտ է, հայտնի չէ՝ կկայանա՞, թե՞ չի կայանա, ի՞նչն ենք քննարկում»,- ասաց նա:
Համատեղ ասուլիսի ընթացքում ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, անդրադառնալով ՀՀ Էներգետիկայի նախարարի դիտարկումներին գազի գնի վերաբերյալ, ասաց, որ դա երևի ամենաազնիվ գնահատականն էր ՄՄ գնի վերաբերյալ:
«Նոր իրականությունը հետևյալն է. երբ տեղյակ ենք, որ գազի գինը բարձրացել է, հիմա պարզվում է, որ ՄՄ անդամակցություն ունենք, որտեղ, ըստ գործող կարգի, արտահանման 30 տոկոս մաքսը հաշվի չի առնվում, մենք դրա հարցը պետք է լուծենք: Մենք այդպես էլ չգիտենք՝ ինչ է կատարվում: Ասում են՝ ՌԴ-ն պետք է գրանտ տա, չգիտենք էլ՝ դա ինչ փուլում է: Վաղը-մյուս օրը կպարզվի, որ դա պարտք է:
Երբ մենք ազատ առևտրի շրջանակից դուրս ենք գալիս և գնում ՄՄ, արտաքին առևտրի նկատմամբ մոտեցումը փոխում ենք, այնտեղ բաց դռների քաղաքականություն էինք վարում:
Գերակայությունների առումով գուցե գազը կարևոր էր. խնդիրը մեր ներքին խնդիրն է, ոչ թե արտաքին: ՄՄ տեխնիկական տնտեսական չափանիշներն ավելի բարձր են, մեր մարմինները սովոր էին եվրոպական չափանիշներով աշխատել: Այդ չափանիշները, խաղի կանոններն են փոխվում, որոնք չեն ներկայացվել»,- ասաց Վահագն Խաչատրյանը:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի









































