Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Անկախության 22-րդ տարեդարձի առիթով հայտարարած համաներումը տարածվել է նաև մի շարք Եհովայի վկաների վրա, ովքեր բանակում ծառայելուց խուսափելու համար ազատազրկման մեջ էին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը: «Գնալով՝ ավելի շատ մարդկանց են բաց թողնում, դեռ ոչ բոլորին են ազատել»,- հավելեց նա:
Մեր այն հարցին, թե փաստորեն համաներումը տարածվո՞ւմ էր այդ հոդվածների վրա, Ստեփան Դանիելյանը պատասխանեց․ «Այդ հոդվածների վրա տարածվում է, ստեղծվել է Հանրապետական հանձնաժողով, այդ հանձնաժողովը քննում է դիմումները: Դիմումներ տվել են նրանք, ովքեր դատապարտված են, և նրանք, ում գործերը գտնվում են դատաքննության ընթացքի մեջ, իրենց գործերը վերանայելու են: Համարյա բոլորինը, ում նայել են, բավարարել, բաց են թողել: Մի մասն էլ դեռևս գտնվում է «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում: Եհովայի վկաների տարածած հայտարարության մեջ երևում է, որ դրական են գնահատում գործընթացը»:
Հետաքրքրվեցինք, թե քանի՞ Եհովայի վկա կա հիմա ազատազրկման մեջ՝ բանակից խուսափելու համար, Դանիելյանը պատասխանեց․«Հոկտեմբերի սկզբին 29-ն էին, հոկտեմբերի կեսերին 9 մարդու արդեն բաց էին թողել, այս պահին դեռ տեղյակ չեմ քանիսն են մնացել»:
Նշենք, որ Հայաստանի «Եհովայի վկաներ» կազմակերպությունը հոկտեմբերի 24-ին հայտարարություն է տարածել, ըստ որի՝ հանձնաժողովը կքննարկի այլընտրանքային ծառայության անցնելու ցանկություն հայտնած, ազատազրկման մեջ գտնվող մյուս վկաների դիմումները, և ակնկալվում է, որ այս երիտասարդները ազատ կարձակվեն՝ ազատազրկման իրենց ժամկետը այլընտրանքային աշխատանքային ծառայությամբ փոխարինելով:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ «խղճի նկատառումներով» ազատազրկված 6 անձանց նկատմամբ Հանրապետական հանձնաժողովը որոշում է կայացրել, և հոկտեմբերի 24-ին նրանք ազատ են արձակվել «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից: Շուտով նրանք կսկսեն իրենց ծառայությունը՝ քաղաքացիական վերահսկողության ներքո:








































