Սիրիայում ստեղծված իրավիճակը ԱՄՆ-ին և իր դաշնակիցներին առաջիկայում կարող է կանգնեցնել դժվարին ընտրության առջև: Նման կարծիքի են ամերիկյան վերլուծաբանները, որոնց զեկույցի հիման վրա CNN հեռուստաալիքը պատրաստել է հատուկ ուսումնասիրություն:
Սիրիայի հյուսիսում մեծ ազդեցություն ունի «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը, որը սերտորեն կապված է «Ալ-Քաիդա»-ի հետ: Հիշեցնենք, որ այս կազմակերպությունը ստեղծվել է 2003-ին՝ ի պատասխան ԱՄՆ-ի՝ Իրաք ներխուժման:
«Գրոհայինները կարող են զգալի ֆինանսավորում և այլ ռեսուրսներ օգտագործել, ինչպես նաև լայնորեն տարածել իրենց ազդեցությունը և վերահսկողությունը՝ արդյունավետությամբ մրցակցելով այլ խմբավորումների հետ»,- նշել է փորձագետը:
Այս խմբավորումը վերահսկում է 220 հազար բնակչություն ունեցող Ռաքա քաղաքը: Այն իսլամական աշխարհում երբևէ «Ալ-Քաիդա»-ի վերահսկողության ներքո հայտնված ամենախոշոր քաղաքն է: Զենքը, որը արևմտյան կառավարությունները խոստանում են մատակարարել, իսկ որոշ տվյալներով՝ արդեն մատակարարել են Սիրիայի հակակառավարական ուժերին, կարող է հայտնվել «Ալ-Քաիդա»-ի հետ կապված ծայրահեղականների ձեռքում:










































