Կարեն Կարապետյանի խոսնակը հայտարարել է, որ նա մեկնելու է Դավոսի միջազգային համաժողովին, ստացել է հրավեր, և ներկայումս ճշտվում է այցի ժամկետը: Խոսնակն ընդգծում է, որ հրավերն ուղարկվել է Կարեն Կարապետյանին: Այդ հանգամանքը հետաքրքիր է այն իմաստով, թե արդյո՞ք Հայաստանի Հանրապետությանն ուղղված հրավեր է դա, որ հղել են վարչապետի հասցեով, թե՞ անձնապես Կարեն Կարապետյանին ուղարկված հրավեր է: Համենայնդեպս, խոսնակը շեշտում է, որ հրավիրել են նրան, թերևս փորձելով ընդգծել Կարապետյանի այսպես ասած «միջազգային ճանաչումը»: Բանն այն է, որ Դավոսը փաստորեն դառնում է Կարեն Կարապետյանի առաջին եվրոպական ուղերթը:
Իր վարչապետության ավելի քան մեկ տարվա ընթացքում Կարեն Կարապետյանը չի կատարել եվրոպական որևէ այց: Ավելին, նա հայտարարել է, որ չկա օրակարգ և չի ուզում հենց այնպես այցելել, լինելու դեպքում անպայման կմեկնի: Օրակա՞րգ չի եղել, թե՞ չի եղել հրավեր, կամ գուցե նույն բանն է, բայց Դավոսի հրավերն էլ ըստ էության պայմանականորեն է հնարավոր եվրոպական հրավեր համարել: Բանն այն է, որ Դավոսը տնտեսական համաժողով է, որտեղ իհարկե հավաքվում է նաև համաշխարհային քաղաքական էլիտան, առաջնորդները: Բայց եթե դատում ենք վարչապետի առաջադրած չափանիշով, ապա ո՞րն է լինելու նրա մեկնման օրակարգը:
Ինչ խոսք, ավելորդ է ասել, որ Հայաստանը պետք է մասնակցի այդ հեղինակավոր համաժողովին և այն, որ մոտ տասնամյակ շարունակ Հայաստանը բաց է թողել այդ համաժողովը, թեև նախկինում էլ եղել են այդպիսի տարիներ, կամ ցածր՝ որ բարձրագույն ղեկավարության մակարդակով մասնակցության տարիներ, ըստ էության եղել է Հայաստանի բացթողում և նաև վարկի խնդիր: Մյուս կողմից, սակայն, հենց այստեղ է, որ առաջանում է հարցը՝ մասնակցություն հանուն մասնակցության, ու առաջ գալիս օրակարգի չափանիշը, որ եվրոպական այցերի մասով սահմանել է Կարեն Կարապետյանը: Որովհետև, եթե Դավոս նա մեկնում է ներդրումներ բերելու, տնտեսական հեռանկարներ քննարկելու, ապա այդ դեպքում ինչո՞ւ նույնը չանել եվրոպական այլ երկրներ մեկնելով, այն էլ ինչո՞ւ բաց թողնել մեկ տարի և սպասել Դավոսին:
Մյուս կողմից, եթե բանը հրավերն է, ապա ստացվում է, որ այլ այցերի բացակայության պատճառը հենց հրավերի, ոչ թե օրակարգի բացակայությունն էր: Մինչդեռ Դավոսի պարագայում հարցն այն է, որ այն ամենևին միջպետական կամ միջազգային հարաբերությունների պաշտոնական ֆորմատ չէ, ըստ այդմ՝ հարցը, թե ինչո՞ւ Կարեն Կարապետյանն իր գործունեության ավելի քան մեկ տարվա ընթացքում այդպես էլ չի այցելել ԵՄ անդամ որևէ պետություն, չի ստացել հրավեր, մնում է հետաքրքիր և օրակարգային: Առավել ևս տեղեկության ֆոնին, որ առաջիկայում Սերժ Սարգսյանն այցելելու է Ստրասբուրգ, ելույթ է ունենալու ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, իսկ Ֆրանսիայում հանդիպելու է այդ երկրի նախագահ Ֆրանսուա Մակրոնին: Դա փաստորեն տեղի է ունենալու Դավոսին գրեթե զուգահեռ, և ինչ որ իմաստով երկու այս այցերը հայտնվում են անուղղակի համեմատության դաշտում, դարձյալ ոչ հօգուտ Կարեն Կարապետյանի:
Դրան զուգահեռ, հարկ է իհարկե նշել նաև, որ հետաքրքրությամբ հանդերձ, այդուհանդերձ եվրոպական այցերի բացակայությունը թերևս հնարավոր չէ միարժեք դիտարկել Եվրամիությունում Կարապետյանի թեկնածության անընդունելիության համատեքստում: Այստեղ շատ կարևոր է այն, թե Եվրամիության հետ ինչ ռեժիմում է աշխատում Սերժ Սարգսյանը, վարչապետության խնդրի ինչ տարբերակներ է քննարկում, ինչ ռեժիմում և բովանդակային ինչ բացության պայմաններում: Դրանով է թերևս պայմանավորված լինելու նաև Կարեն Կարապետյանին հրավիրելու Եվրամիության որևէ սուբյեկտի կամ հենց Բրյուսելի ցանկություն:
Բանն այն է, որ, խոշոր հաշվով, ներկայումս Բրյուսելի հետ խաղում է Սերժ Սարգսյանը, ու Եվրամիությունն առաջնորդվում է այդ խաղից բխող ազդակներով: Այդ տեսանկյունից, Սարգսյանը գործնականում կարողացել է արգելափակել վարչապետի հարցում արտաքին խաղի խոշոր հաղորդուղիները, այդ թվում՝ Ռուսաստանի ուղղությամբ: Պուտինի մակարդակով հնչել է հայտարարություն այն մասին, թե նա հույս ունի, որ Հայաստանը սահուն կանցնի մոդելի փոփոխության անցումային փուլը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այդ իմաստով, ամեն ինչ կախված է Սարգսյանի խաղի տրամաբանությունից ու դրա հանդեպ արտաքին կենտրոնների մոտեցումներից, և ըստ այդմ պարզ կլինի, թե ինչի շուրջ է նա հարաբերվում դրսի հետ, այդ թվում՝ ֆրանսիական օրակարգի պայմաններում՝ ի՞ր վարչապետության, թե՞ այլ վարչապետի, բայց խաղի կանոնների իր վերահսկողության մեխանիզմների շուրջ: Բայց անկասկած է, որ այդ հարցում Սարգսյանը փակելով դեպի դուրս հիմնական խոշոր հաղորդուղիները, որևէ մրցակցի համար թողել է բավական նեղ խողովակներ, որոնք առավել նեղանում են ապրիլին մոտենալուն զուգահեռ:









































