Իրանի նոր ղեկավարության հետ ԱՄՆ-ի դիվանագիտական կապերը չեն ազդում Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրերի տեղակայման ԱՄՆ-ի ծրագրերի վրա: Այս մասին Վարշավայում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Վաղ է որևէ եզրակացություններ անել, որոնք կփոխեն ընտրված ուղին: Մենք համաձայնագիր չունենք Իրանի հետ, ոչինչ չի փոխվել, և հակահրթիռային պաշտպանությանն առնչվող ծրագրերն ուժի մեջ են»,- ասել է Քերին Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ ներկայում ինքը փոփոխություններ չի կանխատեսում այդ ուղղությամբ:
Քերին Վարշավա է ժամանել երկուշաբթի երեկոյան: Նա այցելել է հետպատերազմական Լեհաստանի առաջին դեմոկատ վարչապետ Տադեուշ Մազովեցկու գերեզման: Վերջինս կյանքից հեռացել էր անցած շաբաթ: Ծրագրված է այց նաև Լասկում գտնվող ռազմաօդային ուժերի բազա:











































