«Յուքոմ» ՍՊԸ-ի այն բաժանորդները, ովքեր առնվազն 6 ամիս բաժանորդագրված են «3-ը 1-ում» փաթեթներից որևէ մեկին (Triple Play Classic, Triple Play Rock, Triple Play Jazz), հնարավորություն կունենան ձեռք բերել «Ամերիաբանկ» ՓԲԸ վարկային քարտեր` արտոնյալ պայմաններով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը, «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ու մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:
Քարտը մինչև 400 հազար դրամի վարկային գծի հնարավորություն է տալիս` 12 ամիս մարման ժամկետով և տարեկան 6% տոկոսադրույքով: Այդ վարկային գծի օգնությամբ «Յուքոմի» բաժանորդները կարող են գնումներ կատարել էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի 5 խանութներից` Zigzag, Aray, Technolife, Fine, Vega: Հետագայում խանութների ցանկը կընդլայնվի` ներառելով ոչ միայն կենցաղային տեխնիկա, այլև ուրիշ ապրանքներ վաճառողներին:
Վարկային գիծը տրամադրվում է առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու, իսկ քարտի սպասարկման համար միջնորդավճար չի գանձվում:
Արամ Բարսեղյանը հայտնեց, որ քարտն ստանալու համար «Յուքոմի» բաժանորդները կարող են սկզբում զանգել «Յուքոմ» ընկերություն և ցանկություն հայտնել ձեռք բերելու արտոնյալ վարկային քարտը, կամ կարող են գնալ «Յուքոմի» մասնաճյուղ և դիմում լրացնել: Զանգելուց կամ դիմումը լրացնելուց հետո «Յուքոմը» բաժանորդի տվյալները փոխանցում է բանկին, և բաժանորդը կարող է միանգամից հաճախել բանկ ու վերցնել քարտը:
«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ եսայանը նշեց, որ իրենք ունեն մոտ 60 հազար բաժանորդ, որոնցից 20-25%-ը «3-ը 1-ում» փաթեթեներից օգտվողներն են: Արման Բարսեղյանն էլ ասաց, որ բիզնես պլանով նախատեսված է թողարկել մոտ 2000 վարկային քարտ, սակայն անհրաժեշտություն դեպքում այդ թիվը կարող է ավելացվել:







































