Հունվարի 1-ից ակցիզային հարկի ավելացմամբ պայմանավորված՝ 10-15%-ով թանկացել է սեղմված բնական գազի, դիզվառելիքի, բենզինի բոլոր տեսակների ու քսանյութերի գինը։ Եթե մեկ ամիս առաջ, օրինակ, Regular տեսակի բենզինն արժեր 390 դրամ, ապա այսօր արդեն դրա մեկ լիտրը վաճառվում է 430 դրամով, դիզվառելիքը 390 դրամից հասել է 440-ի, սեղմված բնական գազը նախկին 170-180 դրամից հասել է 200-220 դրամի։
Երթուղային տրանսպորտի, տաքսիների վարորդների կարծիքն այս թանկացումների վերաբերյալ միանշանակ է՝ կառավարությունը սոցիալական հավելյալ բեռ է դնում քաղաքացիների ուսերին՝ «զրկելով ապրուստի միջոցից»։
Այս կապակցությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վարորդներն ասացին. «Առաջին հերթին գոնե պետք է հաշվի առնեն ընտանեկան մինիմալ զամբյուղը, որովհետև սա ինքնին հանգեցնելու է նաև այլ ապրանքների թանկացման, և նման իրավիճակում բազմաթիվ մարդիկ պարզապես ի վիճակի չեն իրենց ընտանիքի սպառողական զամբյուղն ապահովել։ Արդեն 15 տարի է, որ օրումեջ աշխատում եմ 24 ժամ՝ տաքսի եմ քշում ու օրվա հացի խնդիր ունեմ լուծելու: Էս կառավարությունը պետք է վերանայի իր քաղաքականությունը, քո երկրի ժողովրդի հետ այսպես չեն վարվում»։
«Առաջ լցնում էի 4100-ի, հիմա 5000-5500-ի եմ լցնում. ես օրվա մեջ էդ ինչքա՞ն պասաժիր պիտի տանեմ-բերեմ, ինչքա՞ն քշեմ, որ էդ փողը հանեմ, ու տակն էլ մի բան ինձ մնա, որ տուն տանեմ։ Պիտի թողենք էս երկրից գնանք, բա ուրիշ ի՞նչ անենք: Էսպես թե էնպես ուղևորները չեն օգտվում, հիմա որ դնենք մենք էլ տաքսու գինը թանկացնենք, էդ ժամանակ ո՞վ պիտի նստի, չի նստում ժողովուրդը՝ ուզում ես 1000 դրամ կիլոմետրը սարքի, որ չեն նստում՝ ում ա պետք. հիմա որ կիլոմետրը 100 դրամով չեն նստում, բա 150 դրամ որ սարքենք՝ կնստե՞ն, իհարկե, չեն նստի»։
Մանրամասները՝ տեսանյութում։












































