«Բարև Երևան» դաշինքը պնդել է և շարունակելու է պնդել, որ տրանսպորտի սակագնի բարձրացման որևէ պատճառ չկա, և նման որոշումն ապօրինի է: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Բարև Երևան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը՝ տեղեկացնելով,որ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովին վաղը ուղարկվելիք նամակով պահանջելու է վարույթ ընդունել և քննարկել 48-49 գծատերերերին գծերից զրկելու հարցը:
«Ես պնդելու եմ, որ դրանք չեն կարող և չեն իրականացնում բարեխիղճ ուղևորափոխադրում: Ապացույցներ եմ ներկայացնելու, որ նրանց ներկայացրած հայտերի համաձայն՝ ուղեվարձի թանկացումն ուղղակի անտրամաբանական է»,- ասաց նա:
Ստյոպա Սաֆարյանն ուրախությամբ նշեց, որ Վերաքննիչ վարչական դատարանը վարույթ է ընդունել իրենց հայցադիմումները: «Մեր բողոքարկման գործընթացն այսքանով չի սահմանափակվելու, և Հայաստանում հաջողության չհասնելու դեպքում մենք գնալու ենք մինչև վերջ՝ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասաց նա: