Հունվարի 1-ից Գերմանիայում սկսել է գործել օրենք՝ ուղղված սոցցանցերում ատելության բռնկման դեմ պայքարին։ Այն նախատեսում է 50 մլն եվրոյի տուգանք՝ արգելված տեղեկատվությունը ժամանակին չջնջելու համար։
Այսպես կոչված «Facebook-ի մասին օրենքը» ընդունվել էր հունիսի վերջին՝ Գերմանիայում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Այն գործողության մեջ է մտել հոկտեմբերի 1-ին, սակայն օրենքի իրագործումը հետաձգվել էր, որպեսզի սոցցանցերը կարողանային նախապատրաստվել դրա պահպանմանը։

Օրենքն ուղղված է հրատարակչությունների և սոցցանցերի դեմ, որոնք 2 մլն հոգուց ավելի լսարան ունեն։ Խոսքն առաջին հերթին Facebook-ի, Twitter-ի, Reddit-ի և YouTube-ի մասին է։

Համաձայն նոր կանոնների՝ սոցցանցերը պետք է ջնջեն սպառնալիք, բռնության կոչ և ապատեղեկատվություն պարունակող գրառումներն ու մեկնաբանությունները խախտման մասին ծանուցում ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում։ Առանձին դեպքերում այդ ժամկետը կարող է երկարացվել՝ հասնելով մինչև 7 օրվա։ Կոնտենտը չջնջելու դեպքում սպառնում է տուգանք։






































