ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, մտադիր է դառնալ ԱՄՆ առաջին կին նախագահը։ Նման հաստատմամբ է հանդես գալիս լրագրող Մայքլ Վուլֆը «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տանը» գրքում։
New York Magazine պարբերականը, որը հատվածներ է հրապարակել Վուլֆի գրքից, հայտնում է, որ գրքում խոսքը ոչ միայն Սպիտակ տան «խոհանոցի», այլև դավադրության մասին է, որի մեջ են մտել Իվանկան և նրա ամուսնինը՝ խորհրդական Ջարեդ Քուշները։ Մասնավորապես, նրանք որոշել էին մուտք գործել ԱՄՆ վարչակազմ, որպեսզի ապագայում Իվանկան կարողանա ստանալ նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորություն։

«Զույգն իրար մեջ պայմանավորվել է. եթե ապագայում հայտնվի հնարավորություն, ապա նա կառաջադրվի նախագահի պաշտոնում»,-գրել է Վուլֆը։
Լրագրողը նաև հայտնում է, որ նախագահի խորհրդական Ստիվեն Բենոնը սարսափել է՝ իմանալով այդ մասին։

Ինչպես սպասվում է, Սպիտակ տան կյանքի մասին Վուլֆի գիրքը վաճառքում կհայտնվի հունվարի 9-ին։








































