Վերնիսաժի հարևանությամբ՝ Խանջյան 13 հասցեում է գործում Փոքր Փարիզը․ «Շե Վարդան» կամ թարգմանաբար՝ «Վարդանի մոտ» անվանումով ֆրանսիական արագ սննդի պատրաստման կետից օգտվում են ոչ միայն տեղացիները, այլ նաև զբոսաշրջիկները։
«Ես 7 օրով էի եկել Հայաստան՝ անձնական կյանքս դասավորելու, բայց արդեն երկուսուկես տարի է ինչ այստեղ եմ ու այստեղ էլ մնալու եմ․ սիրահարվել եմ Երևանին, շատ սիրուն քաղաք է, Փարիզն էլ է շատ լավը, բայց սա իմ Հայրենիքն է։ Այստեղ իմ բիզնեսն եմ դրել, իմ հարսնացուն ունեմ, որի հետ շուտով կամուսնանք։
Ուզում եմ հայաստանցիների մոտ ավելի զարգացնեմ սերը դեպի ֆրանսիական խոհանոցը, ու հենց դրա համար էլ այստեղ մենակ ֆրանսիական ուտեստներ եմ պատրաստում․ հայերը կարծես թե ամենից շատ ֆրանսիական կրեպ են սիրում, ինձ մոտ որ գալիս են հաճախ կրեպ են պատվիրում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ֆրանսիահայ շեֆ խոհարար Վարդան Սեպտջյանը։
Վերջինս ծնվել է Լիբանանում, սակայն 9 տարեկան հասակում տեղափոխվել է Ֆրանսիա։
«Ֆրանսիայում էլ ռեստորան ունեի «Շե Վարդան» անունով, բայց էնտեղ ամենը վաճառեցի ու եկա այստեղ։ Իմ ընտանիքի անդամները, բարեկամները, ընկերներս բոլորն ապրում են Ֆրանսիայում, սակայն շատ ընկերներ ունեմ, ովքեր արդեն ուզում են տեղափոխվել Հայաստան․ իմ դրական փորձն ու հաջողությունները լավ օրինակ են նրանց համար, ուզում են նրանք էլ գան այստեղ, բայց ոչ թե այցելության, այլ մնալու»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։









































