Դեմոկրատական կուսակցությունից Մոլդովայի խորհրդարանի պատգամավորներ Սերգեյ Սիրբուն և Կորնելիու Պադնևիչն առաջարկել են պարտականությունների կատարումից ժամանակավորապես հեռացնել երկրի նախագահ Իգոր Դոդոնին, հայտնում է Newsmaker-ը։

Պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան՝ պահանջելով պարզել հանգամանքները, որոնց դեպքում անհրաժեշտ է նախագահի լիազորությունների ժամանակավոր իրագործում։ Իրենց պահանջը նրանք հիմնավորել են Դոդոնի կրկնակի մերժմամբ՝ ստորագրելու հրաման կառավարության նոր անդամների նշանակման մասին, ովքեր առաջադրվել էին իրենց կուսակցությունից։

«Հավանաբար դա տհաճ նվեր կլինի նախագահին Նոր տարվա առիթով, սակայն նա ինքն է այդ ճգնաժամը հրահրել», -ասել է Սիրբուն։
Հինգշաբթի Դոդոնը կրկին մերժել էր կառավարության կողմից առաջարկված 2 փոխվարչապետերի և 5 նախարարների թեկնածությունները։ Նախագահը հայտարարել է, որ մտադիր չէ այդ իրավիճակում զիջման գնալ, իսկ նախարարների կաբինետի 7 նոր անդամների առաջադրումն անվանել է «հերթական քաղաքական դավադրության փորձ»։








































