Հանրապետական կուսակցությունում կա մեկ լիդեր. և Կարեն Կարապետյանի, և Տարոն Մարգարյանի, և Վիգեն Սարգսյանի համար մեր լիդերը Սերժ Սարգսյանն է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչն է խանգարում Սերժ Սարգսյանին հայտարարել, որ ինքն է լինելու վարչապետի թեկնածուն:
«2018թ.-ը կգա, բարին էլ հետը, կքննարկենք, կասենք, Սերժ Սարգսյանը իր վերջին հարցազրույցում պատասխանել է բոլոր հարցերին: Եկեք չպրիմիտիվացնենք: Ես միայն կասեմ՝ Հայաստանի Հանրապետությունում գործող պետական քաղաքական գործիչներից չեմ ճանաչում երկրորդ գործիչ, որը կարողանա առավել արդյունավետ իրականացնել անվտանգային և արտաքին մարտահրավերների դիմակայումը եւ արդյունավետ լուծումներ տալը, քան ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Այո, եթե մարդիկ գտնում են, որ անփոխարինելի մարդիկ չկան, ես համաձայն չեմ, յուրաքանչյուր ոլորտում կան անփոխարինելիներ: ՀՀԿ յուրաքանչյուր անդամի համար պատիվ է լինել մի կուսակցության անդամ, որի հրամանատարը Սերժ Սարգսյանն է: Մեր կուսակցությունում կա մեկ լիդեր, և Կարեն Կարապետյանի, և Տարոն Մարգարյանի, և Վիգեն Սարգսյանի համար, և ինձ համար»,- ասաց Շարմազանովը: