Երեւանի քաղաքապետարանն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, որոշում կայացրեց ազատամարտիկներ Ապրես Հովհաննիսյանին և Հրանտ Աղաբեկյանին բնակարաններ տրամադրել: Այս որոշումը Երևանի ավագանին բացատրեց նրանով, որ Հովհաննիսյանների 11 հոգանոց ընտանիքն ապրում է 31 քառակուսի մետր տարածք ունեցող բնակարանում: Ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը բերեց այն փաստը, որ Ապրես Հովհաննիսյանը «բռնազավթիչ իշխանություններից հուշամեդալներ է ստացել, Մարինա Խաչատրյանն էլ հայտարարեց, որ Հովհաննիսյանն հաստատ հանրապետական է: «Մենք ոչ թե անձին ենք դեմ, այլ այս ապօրինի ընթացակարգին: Միայն այս նիստին 250 հազար դոլար է տրամադրվել բյուջեից այս մարդկանց բնակարան տրամադրելու համար»,-ասաց նա:
Ազատամարտիկ Հրանտ Աղաբեկյանին բնակարան տրամադրելու դեպքում էլ խմբակցությունը նույն փաստարկները բերեց. «Կոռուպցիոն ռիսկ կա, այս անձը իշխանության արյունոտ և կեղտոտ ձեռքերից մեդալ է ստացել»,-հայտարարեց Մարինա Խաչատրյանը:









































