Միջազգային ու անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում անցկացվեց կլոր սեղան-քննարկում՝ «2017թ. իրական և 2018թ. սպասվող ՀՀ-ն. անցյալի իներցիա, թե փոփոխությունների մեկնարկ» թեմայով։
Քննարկման մասնակից՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը «իներցիա»-ն բաժանեց 2 մասի՝ տնտեսական և մտածելակերպի իներցիա՝ չնայած ընթացող փոփոխություններին:
Նրա խոսքով՝ 2018-ին գործազրկությունը կմնա նույն մակարդակին, իսկ ընտանիքի բարեկեցությունը կապահովվի տրանսֆերտների հաշվին:
Ինչպես նշեց Գագիկ Մակարյանը՝ իներցիայի մեջ է նաև Հայաստանի անվտանգության համատեքստում բնական պաշարների արդյունավետ և թափանցիկ օգտագործումը. «Սակայն հատկապես արևային էներգետիկայի ուղղությամբ քայլեր սկսված են»:
Ինչ վերաբերում է կրթության ոլորտին, ապա Գագիկ Մակարյանն ասաց. «Այդ ոլորտը մեր ամենաթույլ օղակն է: «Բարձրագույն կրթության մասին» օրենքում ասվում է, որ նոր օրենքը ուսանողամետ է. անհասկանալի է՝ մինչև հիմա գործող օրենքը ինչամե՞տ էր»:
Նրա խոսքով՝ պրոբլեմատիկ են մնում հանրային ծառայությունների մատուցման որակը և համայնքների զարգացման խնդիրները. «Տարբեր ընտրությունների արդյունքում ձևավորվել է համայնքապետերի մի թիմ, որոնք իրենց համայնքների զարգացման գաղափարներով օժտված չեն, և այս մարդկանց մտածելակերպը խոր քնի մեջ է»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































