Միամտություն է մտածել, թե ինտերնետ տիրույթում իրականացվող գրագրությունը չի վերահսկվում: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ինտերնետ հասարակություն ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը` հավելելով, որ ոստիկանությունից բացի քաղաքացիների անձնական տվյալները շատ անգամ վերահսկվում են, ասենք, հենց Google-ի կողմից:
Նա օգտատերերին խորհուրդ տվեց առավել զգույշ լինել անձնական տվյալների հանդեպ, համակարգչում անտիվիրուս ունենալ: «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իրեն պաշտպանել գաղտնալսումներից; Ուղղակի նամակ գրելիս պետք է PGP ծրագրով գաղտնագրել այն»,- ասաց Սաղյանը` հիշեցնելով, որ հենց Google-ն է հայտարարել` իր տիրույթով անցնող ոչ մի նամակ գաղտնի չի մնում:
Գրիգոր Սաղյանի խոսքով, օրենքի շրջանակներում ոստիկանությունը, անկասկած, իրավասու է վերահսկելու քաղաքացիների ինտերնետային տվյալները, գաղտնալսումներ իրականացնել: «Հայաստանում գաղտնալսումներ իրականացվում են ռուսական և ամերիկյան սարքերով: Մեր երկիրը նման սարքեր չի արտադրում»,- ասաց նա` հիշեցնելով, որ օրեր առաջ մամուլում տպագրված տեղեկատվության համաձայն` Ռուսաստանը Հայաստանին գաղտնալսող սարքեր է նվիրել: