ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հետաձգել է ուղևորությունը Մերձավոր Արևելքի երկրներ՝ Կոնգրեսում հարկային բարեփոխման շուրջ առաջիկա քվեարկության պատճառով։
Ինչպես հայտնում է The Washington Post-ը, Փենսը չորեքշաբթի պետք է հանդիպեր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ, որից հետո ծրագրված էր նրա ուղևորությունն Իսրայել։
«Ամերիկյան պատմության մեջ հարկերի խոշորագույն նվազեցումը նախագահ Թրամփի նշանակալի ձեռքբերումն է և թեթևացում միլիոնավոր աշխատասեր ամերիկացիների համար։ Փոխնախագահը ձգտում է մինչև վերջ հետևել հարկերի նվազեցմանը։ Նրա ուղևորությունները Եգիպտոս և Իսրայել սպասվում են հունվարին»,-գրել է Փենսի մամլո քարտուղար Ալիսա Ֆարահն իր թվիթերյան էջում։
Ամերիկյան պարբերականի տվյալներով՝ այժմ Փենսի այցը Մերձավոր Արևելքի երկրներ սպասվում է հունվարի 14-ից հետո։




































