ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է իր հասցեին հնչեցված սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքներին։ Նա իր թվիթերյան էջում գրել է. «Չնայած զուր ծախսված ժամանակին և միլիոնավոր դոլարներին, դեմոկրատներին չհաջողվեց ապացուցել «Ռուսաստանի հետ դավադրությունը»։ Այդ իսկ պատճառով նրանք հիմա որոշել են դիմել կեղծ մեղադրանքների և կանանց մասին հորինված պատմությունների, որոնց ես չեմ ճանաչում և երբեք չեմ հանդիպել»։
Ամերիկացի 4 սենատորներ կոչ են արել նախագահ Թրամփին հրաժարական տալ՝ կապված սեռական ոտնձգություններին առնչվող մեղադրանքների հետ։ «Նախագահ Թրամփը պետք է հրաժարական տա»,-հայտարարել է սենատոր Քիրսթեն Ջիլիբրանդը CNN-ի հետ հարցազրույցում։ «Այդ մեղադրանքներն արժանահավատ են ու բազմաթիվ»,-ասել է նա։
Սենատորը հավելել է, որ եթե Թրամփն անհապաղ հրաժարական չտա, Կոնգրեսը պետք է համապատասխան հետաքննություն անցկացնի և նրան պատասխանատվության ենթարկի։









































