Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ Արթուր Բաղդասարյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրությունը լինի հնարավորինս աննկատ ու անցնցում: Հատուկ Բաղդասարյանի համար ԱԺ-ն առաջիկայում փոփոխություն կիրականացնի «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում, որպեսզի նրա ընտրությունը հետաձգվի և տեղի ունենա ապրիլի 9-ից հետո։
Արդեն գրել ենք, որ խորհրդարան է ներկայացվել կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 15-րդ հոդվածը լրացնել երրորդ կետով: Այդ հոդվածը վերաբերվում է Սահմանադրական դատարանի անդամի և նախագահի թափուր տեղերը համալրելու կարգին: Օրենքի երկրորդ կետում ասվում է. Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Սահմանադրական դատարանի նախագահը նշանակվում է Սահմանադրությամբ սահմանված կարգով: ՍԴ գործող նախագահի՝ Գագիկ Հարությունյանի լիազորությունների ժամկետը լրանում է հաջորդ տարվա մարտի 23-ին, և հենց այդ օրից ՍԴ նախագահի պաշտոնը կարելի է թափուր համարել:
Գործող Սահմանադրության 83-րդ հոդվածի երկրորդ կետում սահմանվում է ՍԴ նախագահի ընտրության կարգը, ըստ որի՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երեսնօրյա ժամկետում, Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ, Սահմանադրական դատարանի կազմից նշանակում է Սահմանադրական դատարանի նախագահ: Մարտի 23-ին, երբ Գագիկ Հարությունյանի լիազորությունների ժամկետը լրանա, խորհրդարանը պետք է ՍԴ կազմից նոր նախագահ ընտրի:
Ըստ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների, նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածուն այս պաշտոնում Արթուր Բաղդասարյանն է, նա նախ պետք է նշանակվի ՍԴ անդամ, իսկ հետո նաև ԱԺ նախագահը նրան առաջադրի ՍԴ նախագահի թեկնածու, իսկ խորհրդարանը, փակ գաղտնի քվեարկությամբ, կազմակերպի ընտրությունը:
Հեշտ է ասել՝ կազմակերպի ընտրությունը, քանի որ նույնիսկ այսօրվա խորհրդարանում այդ ընտրության կազմակերպումը անհավանական է թվում: «Ելք» և «Ծառուկյան» դաշինք խմբակցություննեը հաստատ չեն քվեարկի Բաղդասարյանի թեկնածության օգտին: Այդ խմբակցությունների ղեկավարները անձնական ատելություն ունեն Բաղդասարյանի նկատմամբ, ինչը երբեք չեն էլ թաքցրել: Բացի այդ, նրանք ընդդիմադիր են:
Իշխանությունը կարող է հույս դնել միայն իր ռեսուրսի վրա, համարելով որ ունի անհրաժեշտ թվով ձայներ, բայց դա էլ խիստ վտանգավոր է: 2003թ. երբ իշխանությունը որոշեց որպես երկրորդ քաղաքական ուժի ղեկավար Արթուր Բաղդասարյանին ընտրել ԱԺ նախագահ, և նախագահական նստավայրից բոլոր հանրապետական պատգամավորներին հրահանգվեց մի կողմ դնել Բաղդասարյանի նկատմամբ իրենց ունեցած անձնական վերաբերմունքը, կողմ քվեարկել նրա թեկնածության օգտին, քվեատուփը բացելուց հետո պարզվեց, որ Բաղդասարյանը չի ստացել պահանջվող ձայների նույնիսկ կեսը: Միայն խորհրդարանական հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանի կազմակերպած կեղծարարության արդյունքում է, որ Բաղդասարյանը հայտարարվեց ընտրված:
Նման տհաճ իրավիճակից խուսափելու համար իշխանությունը որոշել է այնպես անել, որ Բաղդասարյանին ընտրի ոչ թե խորհրդարանը, այլ Սահմանադրական դատարանի անդամները: Ինչպես նշեցինք՝ կառավարությունը խորհրդարան է բերել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ: Կառավարությունը առաջարկում է օրենքում ավելացնլ հետևյալ պարբերությունը. «Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչև Սահմանադրական դատարանի նախագահի նշանակվելը նրա լիազորություններն իրականացնում է Սահմանադրական դատարանի տարիքով ավագ անդամը»: Սա արվում է միայն մի նպատակով, երբ հաջորդ տարվա մարտի 23-ին Գագիկ Հարությունյանի լիազորությունների ժամկետը ավարտվի, և ՍԴ-ն չմնա առանց նախագահ: Եթե այս փոփոխությունը չլիներ, տրամաբանական կլիներ, որ մարտի 23-ին հաջորդող մի քանի օրերին ԱԺ-ում ՍԴ նոր նախագահի ընտրություն կազմակերպվեր: Բայց այդ ժամանակ ամբողջ երկիրը կենտրոնացած է լինելու վարչապետի ընտրության վրա, բացի այդ, նպատակահարմար է գտնվել Բաղդասարյանի ընտրությունը թողնվել ապրիլի 9-ից հետո, որովհետև այդ ժամանակ գործելու է ՍԴ նախագահի ընտրության նոր կարգ:
Ապրիլի 9-ից հետո ամբողջ ծավալով ուժի մեջ են մտնում սահմանադրական փոփոխությունները, և այդ դեպքում Բաղդասարյանի ընտրությունը տեղի կունենա նոր կարգով, ըստ որի՝ «Սահմանադրական դատարանն իր կազմից` վեց տարի ժամկետով, ընտրում է Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի»: Ճիշտ է, Սահմանադրական դատարանի ներկա կազմում էլ Բաղդասրայանին որևէ մեկը չի համարում հեղինակություն, և այնտեղ էլ են դեմ լինելու նրա ընտրությանը, բայց մի բան է կեղծել 4 մարդու քվեարկություն, մի այլ բան է՝ կեղծել ամբողջ խորհրդարանի քվեարկությունը:
Լուսանկարը՝ Photolure-ի









































