Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Ժամը 14։00-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի հետին պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Իկիլիկյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Գյումրի քաղաքի Այգաբաց փողոցի բնակիչ՝ 30-ամյա Արտյոմ Տոնոյանն է։
«Պարզվել է նաև, որ Չեռնիշևսկի փողոցի թիվ 80 հասցեի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Տոնոյանի և Գյումրի քաղաքի Կոմիտասի փողոցի բնակիչ՝ 19-ամյա Ռաֆիկ Մարգարյանի միջև։
Վերջինս էլ կասկածվում է իր մոտ եղած հանցագործության գործիք հանդիսացող դանակով Ա. Տոնոյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ռ. Մարգարյանին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ»,– հայտնում է կայքը։









































