Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին ձեռնարկում է փորձեր՝ նվազեցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազատ ժամանակը։ Նախագահը օրական 4-8 ժամ անցկացնում է հեռուստացույց դիտելով և Twitter սոցցանցում գրառումներ անելով։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով մոտ վեց տասնյակ օգնականների։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը շատ քիչ է քնում և արթնանում է առավոտյան մոտ 5.30-ին։ Նա դիտում է հեռուստատեսությամբ լուրերի առավոտյան թողարկումները, սկսում է CNN-ից, անցնում մրցակից Fox News-ին և երբեմն MSNBC-ին, որից հետո մեկնաբանություններ թողնում Twitter-ում։

Հեռուստացույցի առջև երկար ժամանակ անցկացնելու հանգամանքն անհանգստացնում է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին, ով փորձում է համոզել նախագահին ավելի շատ զբաղվել պաշտոնական պարտականություններով։

Թրամփը բազմիցս բացահայտ հայտարարել է այն մասին, որ ամերիկյան ԶԼՄ-ների մեծ մասը միտումնավոր կերպով դեմ է հանդես գալիս իրեն՝ հրապարակելով անարժանահավատ տեղեկություններ։




































