«Կառավարության համապատասխան որոշման մեջ կատարվել է փոփոխություն, համաձայն որի՝ սոցիալական փաթեթի շահառուները մինչև 2018 թվականի հունվարի 1-ը պետք է դիմեն և ստանան նույնականացման քարտ։ Դրանով պայմանավորված՝ աննախադեպ աճել է դիմող քաղաքացիների քանակը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը՝ անդրադառնալով անձնագրային բաժանմունքներում մեկ ամսից ավելի տևող հերթերին։
Ինչ վերաբերում է լուրերին, թե նույնականացման քարտերը այլևս պարտադիր են նաև թոշակառուների և նպաստառուների համար, և առանց դրանց նրանք չեն կարող թոշակ կամ նպաստ ստանալ, Բիչախչյանը արձագանքեց. «Ես այս պահին տեղյակ եմ միայն կառավարության իմ նշած որոշումից։ Որևէ այլ իրավական ակտ Փարոս համակարգից օգտվողների մասով ես տեղյակ չեմ։ Կամ որ թոշակառուները պետք է նույնականացման քարտ ունենան, որ թոշակ ստանան։ Ես այդպիսի որոշում չգիտեմ։ Մենք փաստաթուղթ տրամադրող մարմին ենք։ Եթե մեզ դիմեն քաղաքացիներ նույնականացման քարտ ստանալու համար, մենք կփորձենք հնարավորինս անցնցում կազմակերպել այդ գործընթացը»։
Մնացական Բիչախչյանը նշեց, որ մոտ 860 հազար նույնականացման քարտ է տպագրվել։ Դեռ պետք է տպագրվի ևս 50 հազար նույնականացման քարտ։ Այսինքն՝ մոտ 900 հազար նույնականացման քարտի շահառու կա։ Քարտը տրամադրվում է 15 աշխատանքային օրվա մեջ։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











































