Արցախի ու Հայաստանի Հանրապետության միջև առկա ռազմական համագործակցության, ինչպես նաև փոխադարձ օգնության շրջանակներում Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 1-ին և 2-ին անցկացվեցին մեծամասշտաբ ու նախադեպը չունեցող զորավարժություններ` նպատակ ունենալով ցույց տալ ստորաբաժանումների պատրաստվածությունը և մարտական ունակությունները՝ հարձակողական գործողությունների ժամանակ։
Զորավարժությունները լուսաբանելու համար Արցախ այցելած լրագրողներին ՊՆ-ն տեղեկացրեց, որ ըստ զորավարժության սցենարի՝ հակառակորդը ճեղքել է հայկական կողմի առաջնագիծը և վերջինս էլ սկսում է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը:
«Զորամասերը ղեկավարվում են, տեխնիկան մարտունակ վիճակում է, անձնակազմը պատրաստված է կրակ վարելու համար, հրամանատարները կարողանում են արագ որոշումներ կայացնել և որ ամենից կարևորն է՝ իրենց որոշումները մարտի դաշտում իրականություն դարձնել։ Հակառակորդին միայն պաշտպանվելով չես կարող ամբողջությամբ ջախջախել․այն հակառակորդը, որը կփորձի հատել Արցախի կամ ՀՀ-ի սահմանը, ապա այս խմբավորումը նախատեսված է նրա համար, որպեսզի մխրճված հակառակորդի վրա հարձակվի, մասնատի և ամբողջությամբ ջախջախի»,- զորավարժությունների ավարտից հետո լրագրողների հետ զրույցում շեշտեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե ինքն ինչպե՞ս է գնահատում զորավարժության ընթացքն ու դրա իրականացման համար նախանշված սցենարը։
Մանրամասները՝ տեսանյութում։






































