Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն իրականացրել է հետազոտություն՝ ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի գնահատման վերաբերյալ։ Հայաստանում իրականացված հետազոտության խնդիրն էր՝ բացահայտել և գնահատել մետաղական հանքավայրերի արդյունահանման նպատակով ուսումնասիրության և շահագործման համար ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացի խոցելի կետերը և գնահատել դրանից բխող կոռուպցիոն ռիսկերը։ Կենտրոնի փորձագետ Արթուր Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ առանցքային խնդիրներից մեկը փորձաքննությունների խնդիրն է։
«Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումն իրականացվում է հիմնվելով երեք տիպի փորձաքննության վրա՝ ընդերքաբանական, շրջակա միջավայրի վրա ազդեցության և տեխնիկական անվտանգության, մինչդեռ խնդիրն առնչվում է բազմաթիվ այլ ոլորտների, օրինակ ինչպես՝ առողջապահության ոլորտը, մշակութային ժառանգության պահպանության, տուրիզմի, գյուղատնտեսության պաշտպանության և այլն, որոնք, սակայն, դուրս են մնում որակյալ փորձաքննությունների շրջանակից։ Ըստ էության, չի իրականացվում փորձաքննություն, թե այս կամ այն հանքավայրի շահագործման դեպքում մարդու առողջության վրա դրա ազդեցությունն ինչպիսին է լինելու»,- ընդգծեց Արթուր Գրիգորյանը։
Վերջինիս գնահատմամբ՝ չկան նաև ոլորտի նեղ մասնագետներ։
«Մենք չենք ասում, որ այն մարդիկ, ովքեր ներգրավված են այդ գործընթացում լավ մասնագետներ չեն, այլ խնդիրը այն է, որ նրանք քիչ են, որպեսզի կարողանան համապարփակ գնահատում իրականացնել այնպիսի ծրագրերի ինչպիսին է Ամուլսարը, Թեղուտը և այլն»,-հավելեց Գրիգորյանը։
Փորձագետի տեղեկացմամբ՝ հետազոտության արդյունքում բացահայտված կոռուպցիոն ռիսկերի մեծ մասը վերաբերում է գործընթացի ընթացակարգերին, մի մասը՝ պրակտիկային և ավելի փոքրաթիվ խումբը՝ ընդհանուր համատեքստին։ Վերհանված խոցելի կետերի և հնարավոր կոռուպցիոն ռիսկերի հիման վրա մշակված առանցքային առաջարկություններից են՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթաօրենսդրական դաշտի զարգացումը և հանքաարդյունաբերության բիզնեսի թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը, ներառյալ՝ ընդերքօգտագործող ընկերությունների իրական սեփականատերերի մասին տեղեկատվության հրապարակումը։
Մանրամասները՝ տեսանյութում։










































