Իսպանացի բնապահպանները պահանջում են գտնել և պատժել վարորդին, ով համացանցում հրապարակել է տեսանյութ վախեցած արջերի մասնակցությամբ: Տղամարդը երկու արջերին հետապնդել է Կանտաբրիայի ճանապարհին՝ նրանց մեջքին լուսարձակների լույսն ուղղելով և սուլոցով հետապնդելով, հայտնում է Life-ը:
Կադրի հետևում սուլոց և ձայն է լսվում. «Տեսեք՝ նրանք ինչպես են վազում միասին»: Գորշ արջերը, որոնք Կանտաբրիայում 300-ից ոչ ավել են, ակնհայտորեն վախեցած են և փորձում են թաքնվել ավտոմեքենայից: Ի վերջո կենդանիներից մեկին դա հաջողվում է, իսկ երկրորդը շարունակում է վազել:
Տեսանյութը Facebook-ում մոտ 50 000 դիտում է ունեցել: Բնապահպանները պնդում են, որ վարորդը վտանգի է ենթարկել ոչ միայն արջերին, այլև երթևեկության այլ մասնակիցների, պահանջում են պատժել նրան: Իսպանիայի իշխանությունները դեռ դեպքը չեն մեկնաբանել:









































