Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստին հրապարակվում են քրեական գործում առկա ապացույցները:
Հրապարակվեց Լիլիթ Ք.-ի կողմից Վահան Շիրխանյանի տանը կատարված ձայնագրությունը: Զրուցում են Վահան Շիրխանյանը և Արթուր Վարդանյանը: Խոսք է գնում նախապատրաստվող գործողությունների և Սեյրան Օհանյանի մասին:
Վահան Շիրխանյանը ասում է. «Սեյրանը ավելի վառված ա էդ ավազակներից, Մանվել, Սեյրան, ինքը ատում ա, ժամանակ ա գալու՝ հետևից շան պես վազելու են: Մուկին ընդհանրապես մարդու տեղ չի դնում: Սեյրանին եթե հանեն, մի ամիս հետո կուսակցություն ա բացում, դրսում ռեսուրսներ ունի ֆինանսական, տալու են անմիջապես, շատ մարդիկ սպասում են Նյու Յորքում, Լոսում: Ասել են՝ եթե դու եկար, ամեն ինչ կանենք… հազար ու մի հարցով Սեյրանը ստիպված գնում ա Սերժի մոտ, բայց տանել չի կարող, Քոչարյանի մասին էլ նույն կարծիքին ա, դեռ ավելի վատ, նրա հանցագործությունները լավ գիտի, նույն կարծիքին ա դոդի, լֆիկի, մկի մասին… ժամանակին լափել են, նրանցից պետք է ազատվեն»:
Արթուր Վարդանյանը առաջարկում է գաղտնի հանդիպում կազմակերպել Սեյրան Օհանյանի հետ. «Քեզ շատ-շատ եմ վստահում, Վահան ջան, բայց պետք ա իրա հետ խոսամ, ես, դու ինքը՝ ավել մարդ չլինի, բառիս բուն իմաստով մարդ չլինի»:
Վահան Շիրխանյան. «Էսօր ինքը կզգուշանա, գաղտնի Հայաստանում ոչինչ հնարավոր չէ»: Արթուր Վարդանյան. «Օրինակ՝ Արագածի փեշին, եթե անհնար լիներ, Արցախը հետ չէինք բերի, կամ, ասենք, Թոխմախի Մհերի մոտ»: Վահան Շիրխանյան. «Չպետք է իմանան նպատակը: Մարդ կա, Սեյրանին ասում ա՝ լավն ա, մարդ կա, ասում ա՝ ամենաքիչ կեղտոտվածն ինքն ա, կարևորը ինքը ժողովրդի հետ ա, բայց կարող ա ժողովուրդը մտածի՝ էսի պրծավ, էնի էկավ, մի կեղտից հետո էնի էկավ»:
Արթուր Վարդանյանը նշում է. «Հազար հոգի գլուխ ա բարձրացնելու, եթե Սերժը վարի գնա: Բոլորը Սեյրանին համարում են սերժական, ասում են՝ նույն զիբիլն ա, էս ժողովուրդը աչքերը փակ չի վստահում»: Վահան Շիրխանյանը ավելացնում է. «Ժողովուրդը քայլերին է հետևում. եթե ընդհարումներ լինեն, Ղարաբաղի զորքը ստեղ ա լինելու»: Արթուր Վարդանյան՝ ես դրա հարցը կլուծեմ: Վահան Շիրխանյան. «Այդ ամենը պետք է լինի սուսուփուս»:




































