«Սասնա ծռեր 2»-ի գործով՝ Արամ Մանուկյան և մյուսներ, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ քննելու համար Արամ Մանուկյանին անհապաղ ազատ արձակելու, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան տուժող ճանաչելու վերաբերյալ պաշտպան Հարություն Բաղդասարյանի միջնորդությունը:
Փաստաբանը իր միջնորդության մեջ նշել է, որ «Սասնա ծռերի» գործողությունները պայմանավորված են եղել ծայրահեղ անհրաժեշտությամբ, և դրանք հանցագործություն դիտելը անթույլատրելի է: Փաստաբանն ասաց, թե «Սասնա ծռերը» կանխել են մեծ վտանգ, թույլ չեն տվել Հայաստանի տարածքների հանձնում, ՀՀ-ում փոխվել է կառավարությունը, «Սասնա ծռերը» օժանդակել են պետության կայացմանը:
Նկատի ունենալով փաստաբանի միջնորդության մեջ քաղաքական գնահատականները՝ դատավոր Արթուր Օհանյանը դիտողություն արեց. «Փաստաբանը քաղաքական գործիչ չէ, պետք է միայն իրավաբանական հիմնավորումներ անեք»:
Այս արտահայտությունից հետո իրավիճակը թեժացավ, պաշտպանները կարծիք հայտնեցին, որ դատավորը մինչև խորհրդակցական սենյակ մտնելը իր կանխակալ վերաբերմունքն է արտահայտել և «պարարտ հող է ստեղծել» նրան չվստահելու համար:
Հովհաննես Հարությունյանը հայտարարեց տարածքների հանձնման վերաբերյալ. «Մենք լայն փակված աչքերով շատ քաղաքացիներ ունենք, ովքեր մտածում են՝ լավ, մի քիչ էլ տարածք հանձնենք, ինչ կա որ: 2018 թվին Ադրբեջանը դառնում է 100 տարեկան, իսկ Հայոց եղեռնը՝ 103 տարեկան: Տարածքներ զիջելով՝ ոտնահարում ենք այն փաստը, որ եղեռն է եղել»:
Արամ Հակոբյանն էլ հայտարարեց. «88-ից պայքարի մեջ եմ մինչև էս պահը, 96-ից մինչև հիմա իշխանությունը բռնազավթված է, մասնակցել եմ բոլոր ընտրություններին, միտինգներին, ձայնս անընդհատ բարձրացրել եմ, բայց ձայն բարբառո հանապատի: Ես արդեն 60 տարեկան եմ, 30 տարի պայքարում եմ, 30 տարի մի արդար ընտրություն չեմ տեսել. երբ չի լինում ճար՝ խենթերն են գտնում հնար: Սա քաղաքական դատավարություն է. քաղաքական ենթատեքստում չի կարող քաղաքականություն չլինել, սա հաշվեհարդար է»:
Դատական նիստը շարունակվում է:




































