«Ելք» դաշինքի ներկայացուցիչ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ դաշինքն աչալրջորեն հետևելու է, որպեսզի Հայաստանում արդյունավետ ընթացք ունենա ԵՄ-ի հետ Շրջանակային համաձայնագրի դրույթների իրականացումը, համաձայնագրով ստանձնած հանձնառությունների կատարումը: Մարուքյանը հայտարարել է, որ հետևողական են լինելու համաձայնագրի, այսպես ասած, իմպլեմենտացիայի մոնիտորինգի հարցում:
Խոշոր հաշվով, դա այն է, ինչ նոր իրավիճակում պահանջվում է ընդդիմությունից՝ լինի այն խորհրդարանական, թե արտախորհրդարանական: Այդ իմաստով, ի դեպ, Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կարող է լինել և այն, ինչը հայաստանյան ընդդիմադիր դաշտում փնտրվում էր տևական ժամանակ, սակայն ապարդյուն: Խոսքը միավորող գաղափարի մասին է, երբ ցանկացած տարբերակ, ի վերջո, բախվում էր որևէ ուժի կամ լիդերի հավակնությանը, փառասիրությանը կամ այլ հանգամանքների: Իսկ պատճառն, իհարկե, այն էր, որ միավորման շուրջ դատողությունները մեխանիկական միավորման տրամաբանությունից այն կողմ չէին անցնում՝ չգտնելով բովանդակային, գաղափարական, անգամ օրակարգային ընդհանրություններ:
Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը տալիս է այդ հնարավորությունը կամ դառնում օրակարգային-գաղափարական այն առանցքը, որի շուրջ կարող է կազմավորվել ընդդիմության գործակցություն, և որին հազիվ թե հնարավոր լինի խանգարել անձնական հավակնություններով կամ փառասիրությամբ: Բանն այն է, որ այս դեպքում օրակարգը պատրաստ է և մնում է պարզապես հետևել դրան, դրա շուրջ կառուցելով նաև հարաբերությունն ու շփումը հանրության հետ՝ թե՛ տեղի, թե՛ միջազգային՝ ի դեմս ուժային արտաքին կենտրոնների: Հայաստանում ընդդիմությունը կամ ընդդիմությունները պատրա՞ստ են գոնե լայն համախմբում ապահովել, այսպես ասած, գծած, պատրաստ «ճանապարհային քարտեզ»-օրակարգի հարցում ադյունավետ մոնիտորինգ իրականացնելու համար, երբ առարկան մատուցված է սկուտեղով, մնում է հետևել իմպլեմենտացիոն գործընթացին և հնարավորինս լայն համախմբման շնորհիվ այդ հարցում բառի խիստ դրական, կառուցողական իմաստով ճնշում գործադրել իշխանության վրա:
Դա իմիջիայլոց: Իսկ ընդհանուր առմամբ, Եվրամիության հետ համաձայնագիրը ներքին կյանքում ստեղծում է իսկապես հետաքրքիր մի իրադրություն, երբ գործնականում թելադրվում է գերակա մի օրակարգ, որին ստիպված են լինելու «հավասարվել» բոլոր սուբյեկտները: Համաձայնագրի դրույթները ներառում են կենսագործունեության բոլոր ոլորտները և դրանց բարեփոխման, դրանց միտված փոփոխությունների, պետական քաղաքականության հարցում սահմանում են բավականին բարձր ստանդարտներ: Ըստ այդմ՝ դրանք դառնում են ներքաղաքական կյանքի նշաձողեր, և քանի որ սահմանված ստանդարտները բավական բարձր են, ապա Հայաստանի ներքաղաքական կյանքն այդպիսով, կամա թե ակամա, կազմվելու է Հայաստան-ԵՄ համաձայնագրին ուղղակի կամ անուղղակի պարբերական հղումներով:
Այստեղ ստացվում է ուշագրավ պատկեր: Մի կողից իշխանությունը կատարում է իրեն բավական դիվիդենտ բերող քայլ դեպի ԵՄ հետ հարաբերության խորացում, մյուս կողմից՝ այդ քայլով, փաստորեն, ընդդիմությանը տալիս է մի շարք նոր հնարավորություններ և առիթներ իր հանդեպ, այսպես ասած, քաղաքական վերահսկողության համար: Երկու երնեկ, իհարկե, մի տեղ չի լինում, և իշխանությունը, թերևս, նախընտրում է կատարել կարևոր քայլը Եվրամիության ուղղությամբ, քանի որ ընդդիմության հարցերը ներսում լուծելու «արվեստին» լավ է տիրապետում, և ըստ էության՝ դա համեմատաբար ավելի դյուրամատչելի խնդիր է: Մյուս կողմից, սակայն, տալով ընդդիմությանն այդ հնարավորությունները, իշխանությունը մինչ այդ ընդդիմադիր ուժերին զրկում է շատ ավելի կարևոր մի բանից՝ քաղաքական պլատֆորմի հեռանկարից:
Վերջին տարիների թե՛ արտաքին, թե՛ նեքին քաղաքական իրողություններն ու զարգացումները վկայեցին, որ Հայաստանում իշխանություն-ընդդիմություն բաժանումը կարող է անցնել լոկ արտաքին քաղաքական տիրույթով: Սակայն Հայաստանում այդպես էլ չձևավորվեց քաղաքական միավոր, որը հստակ կամք և համարձակություն, պատասխանատվություն կցուցաբերեր, այսպես ասած, հանդես գալ եվրոպական քաղաքականության բևեռի ձևավորման հայտով, դրա սոցիալական բազայի կազմավորումով: Ավելին՝ սոցիալական բազան գործնականում առկա էր, անհրաժեշտ էր ընդամենը դրա քաղաքական ֆորմացիայի ապահովումը: Ներկայումս այդ խնդիրը լուծում է իշխանությունը, և այդպիսով, թե՛ եվրոպական, թե՛ եվրասիական ուղղություններով դրոշակակիրը, թեկուզ հարաբերականորեն, դառնում է իշխանությունը: Համենայնդեպս, չկա իշխանությունից ավելի ոչ հարաբերական այլ դրոշակակիր: Իսկ այդպիսին դառնալու հնարավորությունները ներկայումս շատ ավելի քիչ են, քան մինչև թեկուզ նոյեմբերի 24-ը:
Այդ իմաստով Հայաստանում ներկայումս առկա է լրջագույն հարց՝ ինչպե՞ս, որտեղո՞վ պետք է անցնի ներքաղաքական իշխանություն-ընդդիմություն դիսկուրսի բաժանարար գիծը, ո՞ր տիրույթով: Այդ խնդիրը իշխանության ներքին միջնաժամկետ օրակարգն է, և իշխանությունն, ըստ ամենայնի, կգտնի տիրույթը, որով պետք է անցնի գիծը: Հետո, թերևս, կգտնվի այն ուժը, որն էլ կստանձնի գծից այն կողմ դերը: Հարցն այն է, թե ինչ պետք է լինի ընդդիմադիր դաշտում, պետք է փորձ արվի փնտրել քաղաքական պլատֆորմի առումով բաժանարար գծի առարկան և տիրո՞ւյթը, նախքան դա կանի իշխանությունը, և ըստ այդմ՝ հետո որոշել պարտադրել դա իշխանությանը կամ առաջարկել խաղի կանոնների շուրջ պայմանավորվելու համար, թե՞ սպասել մինչ կգտնի իշխանությունը, և պարզապես պատրաստ լինել, որ կլինի բաժանելու առաջարկ:










































