ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 27-ին Տավրիդյան պալատում հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Անտուֆևի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է պարոն Անտուֆևին ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ժամանակահատվածում ևս ԱՊՀ ՄԽՎ-ն կշարունակի իր արդյունավետ աշխատանքը:

Էդուարդ Շարմազանովը կարևորել է ԱՊՀ-ի և նրա խորհրդարանական բաղկացուցչի դերն ու հավելել, որ ՀՀ ԱԺ պատվիրակներն ակտիվ են թե՛ վեհաժողովի աշխատանքներում և թե՛ հանձնաժողովներում: Նշելով, որ այս տարի լրացել է ԱՊՀ ՄԽՎ-ի կազմավորման 25-ամյակը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ միջխորհրդարանական վեհաժողովը մեծ դեր է ունեցել նաև տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում: Այս համատեքստում նա կարծիք է հայտնել, որ ԱՊՀ ՄԽՎ-ն՝ որպես միջազգային կազմակերպություն, պետք է հստակ հանդես գա հակամարտությունների խաղաղ կարգավորման դիրքերից:
Նշելով, որ հաջորդ տարի լրանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը՝ Էդուարդ Շարմազանովը կարևորել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդարանականների կողմից Հայոց ցեղասպանության և առհասարակ «ցեղասպանություն» երևույթի դատապարտումը:
«Միայն դատապարտելով կարող ենք կանխարգելել մարդկության նկատմամբ նոր հանցագործությունների իրականացումը: Այստեղ տեղին է հիշել Հիտլերի հայտնի խոսքը՝ «Ո՞վ է, ի վերջո, այսօր հիշում հայերի բնաջնջումը»: Համոզված եմ, որ մենք պետք է դատապարտենք և՛ թուրքական ժխտողականությունը, և՛ ֆաշիզմի հերոսացման փորձերը»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:










































