Երեկ հայտնի է դարձել, որ Մինսկում Հայաստանը պարտավորվել է չանել Մաքսային միության շահերին հակասող հայտարարություններ: Այս մասին նշվում է Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև հարաբերությունների խորացման մասին հուշագրում, որ Մինսկում ստորագրել է հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, իսկ ավելի ուշ կստորագրի Տիգրան Սարգսյանը:
Սա այն Խրիստենկոն է, որը Հայաստանին համեմատել էր Կալինինգրադի մարզի հետ` ասելով, որ Հայաստանը կլինի Մաքսային միության էքսկլավը, ինչպես Կալինինգրադի մարզը Ռուսաստանում: Խրիստենկոն այս մասին հայտարարել էր այն բանից հետո, երբ Մոսկվայում Սերժ Սարգսյանը դժգոհել էր, որ ՀԱՊԿ-ի որոշ անդամներ անում են Հայաստանի շահերին հակասող քայլեր: Այսինքն` Հայաստանը, փաստորեն, իրավունք չունի Մաքսային միության անդամների շահերին հակասող քայլեր անելու, իսկ ահա Մաքսային միության և ՀԱՊԿ-ի անդամները նման պարտավորություններ չունեն, այսինքն` նրանք ազատ են Հայաստանի շահերին հակասող քայլեր անել:
Այս իրողության վառ վկայություններից մեկն էլ այն էր, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հենց Մինսկից առաջ հայտարարել էր, որ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու հարցում պետք է հաշվի առնել Ադրբեջանի կարծիքը: Այսինքն` ակնհայտ է դառնում, որ Հայաստանն ուղղակիորեն հայտնվում է միակողմանի պարտավորվածությունների ցանցում, իսկ ահա Հայաստանի հանդեպ քաղաքական պարտավորվածություններ Մաքսային միության անդամները չեն ստանձնում:
Նման փաստաթուղթը ուղղակի հավասարազոր է պատերազմական կապիտուլյացիայի փաստաթղթի, և նման փաստաթղթեր ստորագրող իշխանությունները ուղղակիորեն պետք է հրաժարական տան: Եվ սա մեղմ տարբերակում, որովհետև նման կապիտուլյացիաների գնացող իշխանությունները, որ հարվածի տակ են դնում պետական ինքնիշխանությունը և արժանապատվությունը, պետք է պատասխան տան նաև օրենքի առաջ, քանզի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը իշխանություններին լիազորում է անկախությունը երաշխավորել, ոչ թե երաշխավորել պետության շարունակական հեղինակազրկումն ու գաղութացումը, այն, ինչ տեղի է ունենում այսօր, և ինչը ուղղակի լույսի արագության է հասել սեպտեմբերի 3-ից հետո:
Մենք, ըստ էության, ականատես ենք լինում Հայաստանի անկախության հանդեպ կատարվող ոտնձգությունների՝ Հայաստանի իշխանությունների ստորագրությամբ: Հայաստանը, փաստորեն, արդեն իսկ ստանձնում է միակողմանի պարտավորություններ` դեռևս Մաքսային միությանը չանդամակցած, և կարելի է պատկերացնել, թե ինչպիսին են լինելու պարտավորությունները անդամակցությունից հետո: Փաստորեն, Մաքսային միությունն է արդեն ցուցում տալիս, թե ինչպիսի հայտարարություններ պետք է անի Հայաստանը: Այսինքն` Հայաստանի արտաքին քաղաքականությունն արդեն իսկ որոշվում է Մաքսային միությունում: Պատահական չէ, որ իշխանությունները Հայաստանի ԱԳՆ շենքը պատրաստվում են վերածել հյուրանոցի: ԱԳ նախարարին էլ կարելի է արդեն հանգիստ նշանակել հյուրանոցի ադմինիստրատոր կամ դռնապան: