Հայաստանի վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը թարմություն չբերեց պետական համակարգին, նոր մշակույթ չարմատավորեց քաղաքական, տնտեսական հարաբերություններում, փոխարենը` բովանդակային առումով, ըստ էության իմաստազրկեց քաղաքական պատասխանատվության ինստիտուտը, որն` առանց այդ էլ, գտնվում էր խոցելի, անմխիթար վիճակում: Ընդ որում` Կարեն Կարապետյանի գործոնը կոնտրաստային է, որովհետև նա, ֆորմալ առումով, ներկայացվեց իշխանության ժառանգորդի կարգավիճակում, սակայն արդեն երկրորդ տարին է` խորհրդարանը քննարկում է բյուջե` չունենալով որևէ քաղաքական երաշխիք, թե անհատական պատասխանատվության մակարդակում հենց այս վարչապետից է պահանջելու դրա կատարողականի պատասխանատվությունը:
Անցած տարի հեշտ էր ամեն բան բարդել խորհրդարանական մոտալուտ ընտրությունների վրա` ակնարկելով, թե ընդամենը մի քանի ամսվա համար չարժե պահանջկոտություն ցուցաբերել Կարեն Կարապետյանի և նրա ներկայացրած ծրագրի կամ բյուջեի հանդեպ: Ակնարկվում էր, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունները դառնալու են Կարեն Կարապետյանի քաղաքական բենեֆիսը` նաև տալով 2018-ի պատասխանը: Խորհրդարանական ընտրություններում «նոր ոգու» դրսևորմանը, մեղմ ասած, ականատես չեղանք, փոխարենը հետընտրական Կարեն Կարապետյանն այլևս զուրկ էր որևէ առաքելությունից, անգամ` ֆասադային մակարդակում, PR-ի հարթության վրա:
ԱԺ ընտրություններից հետո Կարեն Կարապետյանն, ըստ էության, դարձավ քաղաքական անպատասխանատվության և անորոշության խորհրդանիշը:
Նա գործնականում ինստիտուցիոնալ որևէ առնչություն չունի խորհրդարանական գործող մեծամասնության հետ, որը 2018-ի ապրիլից, նոր Սահմանադրության ուժով, գոնե ֆորմալ առումով, իշխանության, ըստ էության, անմիջական կրողն է: Այս առումով` Կարեն Կարապետյանի վարչապետության հեռանկարը 2018-ի ապրիլից հետո ավելի շատ ռիսկեր ու անորոշություն է ծնում, որովհետև Հայաստանն ակնհայտորեն չունի իրական և ֆորմալ իշխանությունների բարդ հարաբերությունների լաբիրինթոսում հայտնվելու ռեսուրս:
Կարեն Կարապետյանը, եթե նույնիսկ 2018-ի ապրիլին պահպանի վարչապետի պաշտոնը, չի ասոցացվելու իրական իշխանության հետ, որովհետև նա ակնհայտորեն համակարգային կոնսենսուսի կրող չէ:
Մյուս կողմից` քաղաքական անորոշությունն իր դրոշմն է թողնում կառավարության գործունեության արդյունավետության, խորհրդարան ներկայացված բյուջեի նախագծի որակի, բովանդակության վրա: Քաղաքական պատասխանատվություն ունեցող կառավարությունը նման նախագիծ չէր ներկայացնի, որովհետև առնվազն պատասխանատվություն պետք է կրի դրա կատարողականի համար:
Թերևս, Կարեն Կարապետյանը վստահ է, որ ամիսներ անց ինքը չի զբաղեցնելու վարչապետի պաշտոնը, կամ էլ` համարում է, որ լիարժեք պատասխանատվության անհրաժեշտություն ունի միայն այն բանից հետո, երբ լիարժեք կլինի իր իշխանությունը: Որն էլ լինի իրականությունը, Կարեն Կարապետյանի վարչապետությունը միայն հանգեցրել է պետական ինստիտուտների դեգրադացմանը, որովհետև ներհամակարգային հակադրությունը կամ դրա իմիտացիան բացառապես մեծացնում են քաղաքական անորոշությունն ու անպատասխանատվությունը:
Իրավիճակի առաջին պատասխանատուն, իհարկե, Սերժ Սարգսյանն է, ով անցած տաս տարիներին, ըստ էության, մսխել էր իշխանության փոխանցման կամ վերարտադրության պոտենցիալը և համակարգային տրանսֆորմացիան որոշեց իրականություն դարձնել «գազային» փորձարկումներով:









































